
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, որ հուլիսին ընկերությունը կպետականացվի, հորդորել է դրան լուրջ չվերաբերվել:
«Լուրջ մի ընդունեք։ Իրենք արդեն ՀԷՑ-ը «գցել են իրենց ոտքերին», բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են, դրա համար իրենք շատ ուրախ կլինեին հիմա, եթե այդ քայլերը ձեռնարկած չլինեին»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Անդրադառնալով իշխանափոխության վերաբերյալ հարցին՝ Կարապետյանը նշել է, որ դրա համար սահմանված ժամկետներ ունի։
«Դա բոլորդ կտեսնեք»,-ասել է նա:
Հունիսի 29-ին ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարել է, թե հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։
Մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը ՀԷՑ-ի համար 380,000 դոլար է առաջարկել սեփականատաեր Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել ու բանակցությունները չեն կայացել։
ՀՀ Ազգային ժողովը 2025 թ. հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։