30 հունիսի 2026 - 18:11 AMT
Գարեգին Բ․ Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին

Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին, հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գևորգյան հոգևոր ճեմարանի 2025-2026 ուսումնական տարվա փակման հանդիսության ժամանակ:

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր ուսումնական տարի կրթօջախի պատմության մեջ նոր ձեռքբերումների էջ է բացում և նոր հույսերով ու սպասումներով է լցնում բոլորին․

«Հոգևոր-կրթական նվիրական հաստատությանց հարկի ներքո են պատրաստվում Հայոց Եկեղեցու հոգևոր սպասավորները, ովքեր ծառայության են կոչվում Հայաստանի և Սփյուռքի մեր թեմերում՝ հոգատարելու ազգային ու մշակութային տարբեր միջավայրերում ապրող մեր ժողովրդի զավակներին, զորացնելու նրանց մեջ սերը առ հայրենին ու Սուրբ եկեղեցին և առաջնորդելու Աստվածապարգև փրկության ճանապարհով: Ճեմարանի գործունեությունն ուղղակիորեն առնչվում է յուրաքանչյուր հայորդու հոգևոր կյանքին և ազգային ինքնագիտակցությանը, մեր հավատացյալների արժեքային համակարգին։ Այս իմաստով մեր ակնկալիքներն ու պահանջները միշտ մեծ են մեր հոգևոր հաստատություններից։

Արդի աշխարհի գերարագ փոփոխությունների պայմաններում խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը, ամուր կառչած մեր հայրերի սրբազան ավանդությանն ու ազգային արմատներին, հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին և համարժեքորեն արձագանքի իր հոտի հոգևոր կարիքներին ու պահանջներին», - նշել է Հայոց Հայրապետը:

Նա հավելել է, որ միայն այս ճանապարհով է հնարավոր ներկա հրամայականների պայմաններում արդյունավորել Սուրբ եկեղեցու տիրավանդ առաքելությունը և Կենաց Խոսքի քարոզչությամբ լուսավորել և բարեզարդել հայ կյանքը։

Վեհափառը շեշտել է, որ ազգին և Եկեղեցուն ծառայելը պահանջում է քաջարի ոգի, աննկուն կամք և, անհրաժեշտության դեպքում, ամեն տեսակի զոհողության պատրաստակամություն։

Ուսումնական տարվա փակման հանդիսության առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունն է փոխանցել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչական և դասախոսական կազմին՝ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանի գլխավորությամբ։

Հանդիսության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարգևներ է հանձնել ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին։

2025-2026 ուսումնական տարում Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտել է 11 սան։