
ՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը՝ որպես ապացույց գործին սոցիոլոգ Մարիա Մխիթարյանի եզրակացությունը կցելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը, հայտնում է Panorama.am-ը:
«Սահմանադրական դատարանը երեկ քննարկեց կողմերի ներկայացրած միջնորդությունները։ Բավարարվել է միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության միջնորդությունը՝ մասնակի, միավորված գործով, որպես ապացույց գործին սոցիոլոգ Մարիա Մխիթարյանի եզրակացությունը կցելու վերաբերյալ միջնորդությունը։ Մասնակի է բավարարել, որովհետև սոցիոլոգ Մարիամ Մխիթարյանին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։
Բացի դրանից, ուզում եմ մի պարզաբանում տալ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջնորդությունը գործի քննության շրջանակներում առանցքային նշանակություն ունեցող Ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի անճշտությունների թվի գումարման մասով Սահմանադրության 2-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի և 89-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության համապատասխանությունը որոշելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, բայց բովանդակային առումով դրան անդրադարձ կկատարվի Սահմանադրական դատարանի որոշման մեջ»,- ասել է Դիլանյանը։
Նա նաև նշել է, որ իրեղեն ապացույցները ներկայացվել են, և դրանք նիստի ընթացքում կհետազոտվեն։
Սահմանադրական դատարանում քննվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործը։