30 հունիսի 2026 - 18:53 AMT
Կարապետյան. ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու պրոցեսն ընթացքի մեջ է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել ԿարապետյանըՀակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում պատասխանել է ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու վերաբերյալ հարցին։

«Մի քիչ արդեն ինձ դուր չի գալիս, որ դուք ընկել եք իմ անձնագրերի հետևից։ Ես քաղաքական հայտարարություն եմ արել. ես ասել եմ՝ որ օրը դրա կարիքը կլինի, այսինքն՝ վարչապետ ես կհռչակվեմ, այդ օրը ես կլինեմ միայն Հայաստանի քաղաքացի, դրանով բավարարվեք»,- հայտարարել է նա, հայտնում է Factor.am-ը:

Կարապետյանի խոսքով՝ ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացն արդեն սկսվել է, իսկ այդ թեմայով ամենօրյա հարցերը նա լուրջ չի գնահատում։

«Որպեսզի ես կարողանամ հրաժարվեմ լիակատար, ինձ պետք է դատարանը բաց թողնի, ես գնամ ամենաքիչը այդ դեսպանատները դիմում գրեմ։ Եթե ես Վարդևանյանին դիմում գրեմ, հիմա Վարդևանյանը դրանով ի՞նչ կարող է անել, ես չգիտեմ, բայց ես պետք է գնամ դեսպանատները դիմում գրեմ։

Դուք ներկա եք բոլոր դատական նիստերին, տեսնում եք բոլոր մեր պահանջները, տեսնում եք իշխանությունների վախերը։ Դրա համար հիմա ամեն օր նույն բանը… դա ունի օրինական քայլեր, օրինական քայլերից առաջինը՝ պետք է գնաս դեսպանություն, դիմում գրես»,- ասել է Կարապետյանը։

Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում սկսվել է և շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։