
Հունիսի լույս 30-ի գիշերն Արեգակի վրա արձանագրված բարձրագույն X դասի բռնկումը, ըստ կանխատեսումների, Երկրի վրա առաջացնելու է մագնիսական փոթորիկ, որն, ամենայն հավանականությամբ, լինելու է ուժգին։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
«Բարձրագույն մակարդակի փոթորիկներ և ռադիացիոն տատանումներ այս դեպքում չեն սպասվում, և նույնիսկ նախորդ մակարդակի (G4) հազիվ թե հասնի, սակայն G3 կարգի (ուժեղ) իրադարձությունները, ըստ ամենայնի, անխուսափելի են»,- ասված է լաբորատորիայի հաղորդագրության մեջ, հայտնում է Sputnik Արմենիան:
Մասնագետների տվյալներով՝ բռնկման պայթյունի ալիքը Երկրին կհասնի հուլիսի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում։
«Սպասվող փոթորիկն ամենաուժգինը կլինի ընթացիկ տարվա մարտից ի վեր»,-նշել են գիտնականները։
Հունիսի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:50-ին, Արեգակի վրա գրանցվել է X1.1 դասի բռնկում։ Այն արձանագրվել է 4475 տիրույթում։ Միաժամանակ գիտնականները նշել են, որ այս պահին Արեգակի վրա գործում է տարվա ամենամեծ՝ 4478 տիրույթը, որը դեռևս նման հզոր երևույթներ չի առաջացրել։