
Մեղրիում, որը ՀՀ ամենաշոգ կետն է, զինվորները լողանում են շաբաթը մեկ, հայտարարել է ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում: Նա նշել է, որ իրեն այդ հարցով դիմել է Մեղրիում ծառայող զինծառայողներից մեկի ծնողը՝ խնդրելով բարձրաձայնել զորամասում առկա կենցաղային խնդիրները։
Նա հավելել է, որ այդ խնդրի լուծումը մեծ ֆինանսական հատկացումներ չի պահանջում, հայտնում է Factor.am-ը:
«Ինձ այսօր գրել է Մեղրիի զինծառայողներից մեկի ծնողը, գրել է՝ առանց զինծառայողի անունը նշելու, խնդրել է ասել հետևյալը. «Շատ շոգ է, տղաները շաբաթը մեկ են լողանում»:
Մեր Մեղրիում, որը Հայաստանի ամենաշոգ կետն է, զինվորները լողանում են շաբաթը մեկ։ Հիմա պարոնայք, խնդրում եմ, ասում եմ՝ մեռնեմ ջանիդ, նախարա՛ր ջան, շտաբի պե՛տ ջան, փոխնախարա՛ր ջան, եկեք, խնդրում եմ, կազմակերպեք, արեք։ Մեծ ֆինանսական խնդիր չի»,-ասել է նա:
Պատգամավորը հորդորել է հաշվի առնել այս անոմալ շոգն ու աշխարհի փորձը. մարդիկ դրա դեմ պայքարում են։
«Այնպես արեք, սկսեք Մեղրիից, բայց ոչ միայն Մեղրին, որ մեր զորքը ամեն օր լողանա, ու նաև ֆիլտր դրվի (ծորակին-խմբ․), որպեսզի ամեն օր ատամները լվանալուց այդ ջուրը մաքուր լինի։ Մեղրիին է վերաբերում ավելի շատ, մյուս տեղերը համեմատաբար ջուրն ավելի մաքուր է։
Այսինքն՝ կազմակերպչական հարցերը ֆինանսով չի այնտեղ պայմանավորված։ Դրա համար կամք է պետք, ու նաև պետք է, որ պատգամավորները՝ կլինեն իշխանական, թե ընդդիմադիր, այդ խնդիրները բարձրաձայնեն։ Այսինքն՝ այն պաշտոնյան, որը գնում է գործի տեղը նստում է, մի պահ կարող է աչք կպցնի կամ շուտ գործից դուրս գա, իմանա, որ խնդիրներ ունի բարձրաձայնված, պիտի այդ խնդիրները լուծի, ու սրանից շահելու է մեր ժողովուրդը»,- ասել է նա։