
Փաստերը հիմք են տալիս պնդելու, որ ՍԴ-ն առնվազն պետք է կայացնի մանդատների վերաբաշխման որոշում, հայտարարել է ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննության ընթացքում եզրափակիչ ելույթում:
«Առկա փաստերը հիմք են տալի պնդելու, որ այն դեպքում, եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի անվավեր ճանաչելու և մանդատների վերաբաշխման որոշում»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նրա խոսքով՝ խնդիրը չի եղել այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սխալ է հաշվարկել ԲՀԿ-ի ստացած ձայները, այլ այն, որ տվյալները սխալ են փոխանցվել համապատասխան աղյուսակին։
«Սա ֆունդամենտալ խնդիր է. մի բան է, երբ մենք հաշվարկի ժամանակ ընտրատեղամասում սխալ ենք հաշվում, դրա գործիքը վերահաշվարկն է, մի բան է, որ ճիշտ հաշվել են, արձանագրությունը ճիշտ գրել են, ԿԸՀ-ն չի կարողանում այդ թվերն ինչ-որ ձևով մուտք անել։ Ի՞նչ է տեղի ունենում. կամպյուտերում այդ թվերն ուղղում են, այդ պահի դրությամբ ԿԸՀ-ն արդեն գիտի, որ ԲՀԿ-ն հաղթահարում է շեմը»,-ասել է նա:
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում սկսվել է և շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։