1 հուլիսի 2026 - 18:38 AMT
Օրբելյանը` ՍԴ-ին․ Պարտավոր եք ապահովել, որ 58,500 քաղաքացու քվե չկորչի

ՍԴ-ն պարտավոր է ապահովել, որ 58,500 քաղաքացու քվե չկորչի, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով եզրափակիչ ելույթի ժամանակ։ Նա ասել է, որ ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, իսկ եթե դա հնարավոր չլինի, պետք է սահմանվի մանդատների բաշխման նոր կարգ, որի արդյունքում ԲՀԿ-ն կստանա 5 մանդատ։

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն ստացել է 58,500 քվե, ինչը գերազանցել է 4 տոկոսի շեմը, սակայն, ինչպես նշել է նա, մի շարք ընտրատեղամասերում արդյունքների անվավեր ճանաչումից հետո ստեղծվել է իրավիճակ, որի հետևանքով կուսակցությունը չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը, հայտնում է Sputnik Արմենիան:

Օրբելյանի գնահատմամբ՝ ընտրողների կամքն այն է եղել, որ ԲՀԿ-ն ներկայացված լինի խորհրդարանում:

«Պարոն Հովակիմյանը (ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան. խմբ.) պարզ հարցին չպատասխանեց` վերջը, որ անվավեր չճանաչվեր, կանցնե՞ր ԲՀԿ-ն։ Իհարկե, կանցներ։ Բայց ինքը՝ «դե, չեմ կարող»․․․ Իրեն ասել են՝ «չհամաձայնես», որ ասեին՝ «կպատասխանես», կպատասխաներ։ Սա Սահմանադրության գերակայության մասին վեճ է, և դուք պարտավոր եք ապահովել Սահմանադրության գերակայությունը»,- ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը։

Նա նաև ընդգծել է, որ եթե առկա է կասկած՝ ԲՀԿ-ն հաղթահարել է անցողիկ շեմը, թե ոչ, ապա պետք է առաջնորդվել այն կանխավարկածով, որ կուսակցությունն անցել է խորհրդարան, իսկ հակառակ դեպքում անհրաժեշտ է նշանակել համապետական վերաքվեարկություն։

Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթով հանդես է եկել նաև գործով երրորդ անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերը չեն ներկայացրել բավարար ապացույցներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ արձանագրել, որ խախտումներ են տեղի ունեցել կամ դրանք եղել են այնպիսի ծավալի, որ կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա, գրում է «Հետքը»:

«Դիմողը պարտավոր էր ապացուցել ոչ միայն ենթադրյալ խախտումների փաստը, այլև դրանց ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա: Դիմողներին սա չի հաջողվել անել»,- նշել է Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա։

Անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ պնդումներին՝ նա նշել է, որ խոսքը վերաբերում է կառավարության բնականոն գործունեությանը։

«Ի՞նչ պետք է աներ կառավարությունը, դադարեցնե՞ր իր գործունեությունը: Չիրականացնե՞ր կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները»,- ասել է ՔՊ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ օրինակ՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ուղղված գործընթացը երկար տարիների պատմություն ունի։

Սրբուհի Գալյանը նաև նշել է, որ եթե վարչական ռեսուրսն արդեն իսկ կանխորոշել էր ընտրությունների արդյունքը, ապա անհասկանալի է, թե ինչու էր իրականացվում լայնածավալ նախընտրական քարոզարշավը։ Նրա գնահատմամբ՝ ՍԴ-ին չի ներկայացվել նույնիսկ մեկ դեպք, որը կհիմնավորեր վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործումը և դրա ազդեցությունը ընտրողների ազատ կամարտահայտության վրա։

ՔՊ ներկայացուցիչների գնահատմամբ՝ զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ ապացույցներ, համապատասխան արձանագրություններ կամ հանցագործության մասին հաղորդումներ չեն ներկայացվել։

Անդրադառնալով նաև ընտրարշավի ֆինանսավորման սահմանաչափի գերազանցման վերաբերյալ պնդումներին՝ Գալյանը նշել է, որ որևէ ապացույց չի ներկայացվել այն մասին, թե կուսակցությունը կատարել է չհայտարարագրված ծախսեր։ Նրա խոսքով՝ ընդհակառակը, ամենամեծ ծավալի ծախսերը հայտարարագրել է հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ատելության խոսքի վերաբերյալ մեղադրանքներին Սրբուհի Գալյանը մանրամասն չի անդրադարձել՝ դրանք որակելով անտրամաբանական և նշելով, որ հարցերը քննարկման առարկա են դարձել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Նա նաև պնդել է, որ սուր արտահայտությունները քաղաքացիներին ուղղված չեն եղել, մինչդեռ ՍԴ դիմած քաղաքական ուժերից «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի և այլ կուսակցությունների ներկայացուցիչները, նրա խոսքով, փորձել են մոլորեցնել ընտրողներին 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեմայով, սակայն չեն հաջողել։

Ավարտելով ելույթը՝ Գալյանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու իրավական հիմքեր չկան։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել են 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել էր ընտրողների ձայների 4%-ը և կարող էր մանդատներ ստանալ խորհրդարանում։ Ավելի ուշ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երեք ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրել է 213 քվե և վերջնական հաշվարկով չի հաղթահարել 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14-ին ԿԸՀ-ն հրապարակել է վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 58 287 ձայն կամ 3.9893% և չի անցել խորհրդարան։

ԿԸՀ-ն հունիսի 14-ի նիստում ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29 մանդատով և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով։