
Ապօրինի գույքի բռնագանձումը ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևոր գործիք է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատախազության հիմնադրման օրվան նվիրված «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․ քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովում:
Նա նշել է, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը կարևոր դեր ունի ոչ միայն նախկին, այլև գործող պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն կանխարգելման տեսանկյունից։
«Ես ուզում եմ առիթն օգտագործել մի կարևոր, իմ կարծիքով, թյուրըմբռնում պարզաբանելու համար։ Կա ընդհանուր ընկալում, և այդ ընկալման պատճառները պարզ են, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը և ինստիտուտն ուղղված է կամ գործում է նախկին պաշտոնյաների գործունեության համատեքստում։ Բայց թույլ տվեք ասել, որ սա թյուրըմբռնում է, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման համակարգն իրականում ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է, որպեսզի այս պահին գործող պաշտոնյաներն այդ ազդակը ստանան, որ գույքի նկատմամբ անառողջ և ոչ օրինական ուշադրությունը հեռանկար չունի, որովհետև այս պահից պետք է կանխատեսելի լինի, թե դա ինչի է բերելու և ինչի է հանգեցնելու։ Եվ այս առումով, ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որի լիարժեք գործարկման հարցում, իհարկե, և՛ ժողովուրդը, և՛ Կառավարությունը մի փոքր անհամբեր են, հակակոռուպցիոն քաղաքականության, Կառավարության և կառավարող մեծամասնության շատ կարևոր սյուներից մեկն է»,-ասել է նա:
Փաշինյանը նշել է նաև, որ կառավարությունը չի կարող համակերպվել հակակոռուպցիոն քաղաքականության որոշակի լճացման հետ և առաջնահերթ է համարում ժողովրդավարական ու դատաիրավական բարեփոխումների նոր փուլը։
«Դրա հետ մենք որևէ կերպ չենք կարող համակերպվել, որովհետև մեզ համար սկզբունքային է, որ հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում անընդհատ, սկզբունքային և հետևողական առաջընթաց արձանագրենք։ Ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ նոր ձևավորվող Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն առաջնային խնդիր են համարում ժողովրդավարական բարեփոխումների ամբողջ փաթեթը, պայմանական ասած, վերագործարկելու, թարմացնելու կամ ռեստարտ անելու պրոցեսը, և սա շատ կարևոր է մեզ համար»,-հավելել է նա:
Վարչապետը կրկին ընդգծել է արդարության և արդարադատության վերաբերյալ հանրային հստակ կոնսենսուսի ձևավորման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանք պետք է դիտարկվեն լեգիտիմության համատեքստում, իսկ լեգիտիմության միակ աղբյուրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։
«Ես մեր իրականության մեջ այդ բացը նկատում և զգում եմ, որ հանրային կոնսենսուս չկա, հանրային կամ պետական կարգախոս կամ ուղերձ չկա, թե արդարությունն ու արդարադատությունն ինչ են։ Իմ պատկերացմամբ՝ արդարադատությունը և արդարությունը դիտարկվում են միայն և միայն բացառապես լեգիտիմության համատեքստում, որովհետև այն, ինչ առավելագույնս համապատասխանում է լեգիտիմությանը՝ առավելագույնս համապատասխանում է արդարությանը և արդարադատությանը։ Ամենակարևոր դրույթը սրանից հետո այն է, որ լեգիտիմության մի աղբյուր կա և այդ աղբյուրը սուվերենն է՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Եվ չի կարող արդարությունն ու արդարադատությունն ինստիտուցիոնալ մակարդակում կտրված լինել լեգիտիմությունից»,- շեշտել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանում անհրաժեշտ են սահմանադրական կարգի լեգիտիմության ամրապնդում, ինչպես նաև իրավական և իրավաբանական կրթության խորքային բարեփոխումներ։ Վարչապետը կարևորել է նաև արդարադատության համակարգի նկատմամբ հանրության հարցերին ժամանակին և հիմնավորված պատասխաններ տալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ պատասխանների բացակայությունը կարող է վերածվել քաղաքական խնդրի։
Փաշինյանը նշել է, որ կառավարությունն իր առջև դրված խնդիրների մեծ մասն իրականացրել է՝ դրանք հիմնավորելով հանրության շահերով, սակայն ընդգծել է, որ արդարադատության հասանելիության խնդիրը դեռևս շարունակում է մնալ։
«Իմ կարծիքով՝ Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման համար, ըստ էության, բոլոր հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են Կառավարության առաջ, լուծել ենք։ Եվ լուծել ենք նաև ժողովրդին անընդհատ բացատրելով, որ մենք բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում այս բոլոր որոշումները կայացնում ենք ոչ թե պաշտոնյաների, այլ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը տեսնի դրա արդյունքը, տեսնի, որ Հայաստանում կա արդարություն և արդարադատություն։ Իսկ այսօր, կներեք, իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր, նրանք ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ, և սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այդ պրոբլեմին պետք է անդրադառնանք, չկա ուրիշ տարբերակ»,- ասել է Փաշինյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի անվտանգության, բարեվարքության և իրավունքի գերակայության տնօրինության տնօրեն Հաննա Յունկերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և միջազգային փորձագետներ։