2 հուլիսի 2026 - 12:28 AMT
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոխվի․ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել

ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 1-ին գումարված արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Հասմիկ Հակոբյանը:

Հիմնական զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են պետականության ամրապնդման, ինքնիշխանության և մարդու իրավունքների պաշտպանության առավել ընդգծմանը։ Զեկուցողը նշել է, որ ժամանակակից պետական համակարգում ազգային իղձերը վերափոխվել են պետական շահերի, և անհրաժեշտ է երդման սկզբնաղբյուրում «համազգային նպատակներ» ձևակերպումը փոխարինել Հայաստանի Հանրապետության հարատևության և զարգացման հանձնառությամբ։

Առաջարկվող նոր երդման տեքստն ունի հետևյալ բովանդակությունը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատեւության, անկախության, ինքնիշխանության եւ հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ պետականության ամրապնդմանը եւ շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունների հիմքում դրվել է պետականակենտրոն մոտեցումը, որի պայմաններում պատգամավորի գործունեության առանցքում պետության պաշտպանությունն է։

Տեքստում առանձին տեղ է հատկացվել նաև մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությանը, իսկ եզրափակիչ հատվածում «Փառք նահատակներին» ձևակերպման ավելացումը նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել պետականության համար կյանքը զոհաբերած անձանց հիշատակին։

Արուսյակ Ջուլհակյանի համոզմամբ՝ փոփոխությունները կոչված են առավել ընդգծելու պատգամավորի պատասխանատվությունը պետության առջև և ապահովելու նրա հետագա գործունեության հստակ ուղենիշները։

Պատգամավոր Ալխաս Ղազարյանը հարակից զեկույցում կարևորել է օրենքի նախագիծը՝ ընդգծելով դրա անհրաժեշտությունը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ համահունչ փոփոխություն է նաև նախատեսվում կատարել Կառավարության անդամի երդման տեքստում։