2 հուլիսի 2026 - 18:22 AMT
ՔԿ. Գնդապետ Մալոյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ

Գնդապետ Էդիկ Մալոյանին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն:

ՔԿ-ում քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Մ.-ն (Էդիկ Մալոյան՝ խմբ․), հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը։

Է.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռ.Ջ.-ի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Է.Մ.-ն և Ռ.Ջ.-ն ձերբակալվել են, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է:

Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանի ձերբակալության մասին հայտնի է դարձել հուլիսի 2-ի առավոտյան։ Նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։