3 հուլիսի 2026 - 14:29 AMT
Նավասարդը կընդգրկվի պետական տոնացույցում

Կառավարությունն ընդունել է անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի առաջարկը՝ Նավասարդի տոնը պետական տոնացույցում ընդգրկելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այն կնշվի օգոստոսի 11-ին և կլինի աշխատանքային օր, հայտնում է Factor.am-ը:

«Ամեն դեպքում այդ օրը կարևոր է, որ մենք ունենանք տոնացույցում, որովհետև դա հայ ազգի ամենաառաջին իրադարձային տոնն է: Փոփոխություններից նաև նշեմ, որ մենք ունենալու ենք արդեն հատուկ տոնացույցում ընդգրկված մարզերի և Երևանի օրեր, որոնք կնշվեն, հուսով եմ, պատշաճ մակարդակով: Գաղափարն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեկը մյուսին սկսի լավ ճանաչել:

Օրինակ՝ ասենք Լոռու օրն է. այդ օրը նշվի ոչ թե Վանաձորում կամ Ստեփանավանում, այլ ամբողջ հանրապետության քաղաքներում կկազմակերպվեն միջոցառումներ՝ նվիրված այդ մարզին, ինչը կնպաստի, որ մենք վերջապես պետական ազգ դառնալու ճանապարհին ևս մի կարևոր քայլ անենք»,-ասել է նա:

Պատգամավորը կարևորել է նաև, որ մեռելոց օրերը՝ հինգ մեռելոց օրերը, նույնպես տեղ են գտել տոների և հիշատակի օրերի մասին օրենքում: Կարգավորումն էլ կանի կառավարությունը՝ այդ օրը լինի աշխատանքային, թե ոչ աշխատանքային:

«Ամեն դեպքում, երբ որ այդ օրը նշվում է տոնացույցում, այն արդեն դառնում է կարևոր օր, որովհետև պետությունը մարդու նման է՝ ոչ միայն պետք է մարմին ունենա, այլ նաև հոգի, և հոգևոր տոներ ու հիշատակի օրեր էլ պետք է ունենանք»,- ասել է նա։