
Դեռևս գործող 8-րդ գումարման Ազգային ժողովը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմ ձայներով ընդունել է «Ընտրական օրենսգրքում» և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ընտրելու իրավունք կունենան վերջին 2 տարում փաստացի 1 տարին ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիները:
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են 366 և ավելի օր։
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի արդյունքում նոր գումարման պատգամավորները երդվելու են փոփոխված տեքստով։
Նոր երդման տեքստում «համազգային նպատակների և հայրենիքի հզորացման» վերաբերյալ ձևակերպումը փոխարինվել է «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման» բառերով: Երդումը կավարտվի «փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» նախադասությամբ, գրում է Sputnik Արմենիան:
Հայաստանի բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ կտեղադրվեն պետական դրոշներ: Ագային ժողովն ընդունել է նաև այս օրենսդրական փոփոխությունը:
Նախագիծը ներկայացրել էին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ակցիզային հարկը կբարձրացվի՝ կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը: ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագիծը 63 կողմ ձայնով հաստատվել է 2–րդ ընթերցմամբ
Կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Դրանով նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերն ամեն տարի բարձրացնել 7 տոկոսով, տաքացվող ծխախոտի դեպքում՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտի դեպքում՝ առաջին տարում 100 տոկոսով, իսկ հաջորդ երկու տարիներին՝ համապատասխանաբար 25 և 20 տոկոսով, նարգիլեի արտադրանքի դեպքում՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին՝ 30-ական տոկոսով։
Միաժամանակ, մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի բարձր արժեքի հետևանքով ձևավորված ինքնարժեքը մեղմելու և ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով նախատեսվել է մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նվազեցնել 33 տոկոսով։
Ազգային ժողովն ընդունել է նաև «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով խստացվել են Հայաստանում ընտրակաշառք ստանալու կամ տալու համար նախատեսված պատիժները։
Ընտրակաշառք ստանալու համար նախկինում նախատեսված 1–3 տարվա ազատազրկման փոխարեն սահմանվել է 2–5 տարվա ազատազրկում։ Ընտրակաշառք տալու համար պատիժը 3–6 տարվա ազատազրկումից բարձրացվել է մինչև 4–8 տարի։ Խստացվել է նաև նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու համար նախատեսված պատասխանատվությունը․ 3–6 տարվա ազատազրկման փոխարեն սահմանվել է 4–8 տարվա ազատազրկում։
Նաև ընտրակաշառք ստանալու կամ տալու համար միջնորդելու հանցագործության համար դատապարտված անձանց նկատմամբ սահմանվել է պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնելու ցմահ արգելք։
ԱԺ-ն ընդունել է նաև հետադարձ հիփոթեքի մասին նախագիծը, որով թոշակառուները կկարողանան եկամուտ ստանալ՝ գրավադրելով իրենց տունը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
Նրանք կկարողանան շարունակել բնակվել իրենց տանը: