
Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխությունները, որոնցով Հայաստանում դատապարտյալներին մերձավոր ազգականների հետ տեսակցություններից զրկելը այլևս չի կիրառվելու որպես կարգապահական տույժ։
Ինչպես օրինագծի քննարկման ընթացքում նշել է արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը, ազգականների հետ տեսակցությունների սահմանափակումը կիրառվել է այն դատապարտյալների նկատմամբ, որոնք խախտել են պահման սահմանված կարգը։ Սակայն, միջազգային չափանիշներին համապատասխան, հարազատների հետ շփումներից զրկումը համարվում է ոչ մարդասիրական միջոց, ինչի պատճառով որոշվել է հրաժարվել այդ պրակտիկայից, հայտնում է Sputnik Արմենիան:
Միաժամանակ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է նաև մեկ այլ նախագիծ, որով փոփոխություններ են կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Ընդունված փոփոխություններով ավելի խիստ պատասխանատվություն է սահմանվել քրեակատարողական հիմնարկների տարածք արգելված իրեր տեղափոխելու համար։
Խոսքը վերաբերում է բջջային հեռախոսներին և այլ էլեկտրոնային սարքերին, ալկոհոլային արտադրանքին և սպիրտ պարունակող նյութերին, դրամական միջոցներին ու թանկարժեք իրերին։ Պատասխանատվություն է սահմանվել ոչ միայն այդ իրերը դատապարտյալներին փոխանցելու, այլև դրանք քրեակատարողական հիմնարկի տարածք բերելու համար։ Նախկինում խախտում կատարած անձինք կարող էին պնդել, որ արգելված իրերը բերել են անձնական օգտագործման նպատակով, եթե դրանք փոխանցելու պահին չեն հայտնաբերվել։
Փոփոխություններով վարչական տուգանքների չափը 100-300 հազար դրամի փոխարեն սահմանվել է 200-500 հազար դրամ։ Եթե նույն խախտումը կրկնվի մեկ տարվա ընթացքում, տուգանքը կկազմի 300-600 հազար դրամ։ Բոլոր դեպքերում հայտնաբերված արգելված իրերը ենթակա են բռնագրավման՝ առանց սեփականատիրոջը վերադարձնելու իրավունքի։