4 հուլիսի 2026 - 11:03 AMT
Քննարկվել է «Tour of Armenia» մրցաշարի կազմակերպման ընթացքը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սեպտեմբերի 10–13-ը Հայաստանում նախատեսված «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկման առանցքում եղել են մրցաշարի կազմակերպչական հարցերը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին՝ ընդգծելով, որ նման ծավալի միջազգային մրցաշարի հաջող անցկացումն հնարավոր է դարձել միայն շահագրգիռ կառույցների համակարգված համագործակցության շնորհիվ։

Նիստում անդրադարձ է կատարվել մրցաշարի ժամանակացույցին, կազմակերպչական խնդիրներին և երթուղիների վերջնական ձևավորմանը։ Մշակված տարբերակներն ընդգրկել են Երևանի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու ճանապարհային հատվածները։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է, որ մրցաշարի միջոցով առավել արդյունավետ ներկայացվեն Հայաստանի բնությունը, հարուստ պատմամշակութային ժառանգությունն և երկրի տարբեր բնակավայրերի զբոսաշրջային գրավչությունը։

Նշվել է, որ «Tour of Armenia»-ն կարևոր հնարավորություն է դարձել ոչ միայն միջազգային մարզական օրացույցում Հայաստանի դիրքերն ամրապնդելու, այլև երկրի զբոսաշրջային ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից։

Նախատեսվում է, որ «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին կմասնակցի 18 թիմ, որոնցից յուրաքանչյուրում կընդգրկվեն 6-ական հեծանվորդներ։ Ընդհանուր առմամբ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և այլ պատասխանատուներ։

Նիստին մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, մրցաշարի կազմակերպման խորհրդատվական աշխատանքներն իրականացնող RCS ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն, ինչպես նաև պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։