4 հուլիսի 2026 - 14:15 AMT
ՄԻՊ-ն ուսումնասիրել է Խարբերդի մասնագիտացված մանկատան պայմանները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Հաստատության տնօրենի պաշտոնակատար Համազասպ Նահատակյանի ուղեկցությամբ Պաշտպանը շրջայց է կատարել տարածքում, ուսումնասիրել շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, ինչպես նաև ծանոթացել ճաշարանի, սանհանգույցների և բուժկետի պայմաններին։ Այցի ընթացքում նա նաև ծանոթացել է ծառայություններից օգտվող անձանց առօրյային, զարգացման ծրագրերին և Հաստատության աշխատակիցների աշխատանքային պայմաններին։

Անահիտ Մանասյանն այցելել է նաև «Ճախրուկ» մշակութային կենտրոն, որտեղ ջերմ շփում է ունեցել կենտրոնի սաների հետ, այնուհետև մասնակցել նրանց կողմից կազմակերպված համերգային միջոցառմանը։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծել է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկման, կառուցվածքային բարեփոխումների իրականացման և համակարգված մոտեցման որդեգրման անհրաժեշտությունը։

Նշվել է, որ Պաշտպանի կողմից խնամք իրականացնող հաստատություններ կատարվող այցերը շարունակական բնույթ են կրում։