4 հուլիսի 2026 - 15:24 AMT
Սևանա լճում ջրային պարեկներն ու փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության

Հուլիսի 1-ից ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ջրային վաշտն ու ջրային փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածներում անցել են ուժեղացված ծառայության, հայտնում է ՆԳՆ-ն։

ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը հետևել է ջրային պարեկների ծառայության կազմակերպման ընթացքին և հանձնարարել ծառայությունն իրականացնել առավելագույն զգոնությամբ՝ ապահովելով շուրջօրյա հսկողություն, պատահարների կանխարգելում, ինչպես նաև յուրաքանչյուր ահազանգի օպերատիվ և պատշաճ արձագանք։

Ուժեղացված ծառայության ընթացքում ջրային պարեկները խիստ վերահսկողություն են իրականացնելու ջրային տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման, հասարակական կարգի և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ալկոհոլի ազդեցության տակ ջրային տրանսպորտային միջոցների շահագործման, փրկարարական բաճկոն չկրելու, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող այլ իրավախախտումների կանխարգելման և բացահայտման աշխատանքներին։