
Գլխավոր դատախազությունը 2024-ի մայիսի 10-ին տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ բավարարվել է Գերմանիայի իրավասու մարմնի միջնորդությունը, և հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին՝ «զանգերի կենտրոնի» (call center) միջոցով Գերմանիայում կատարված խարդախության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու նպատակով։
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտմամբ զբաղվող միջազգային հեղինակավոր հետաքննական լրագրողական կազմակերպությունը՝ OCCRP-ն (Organized Crime and Corruption Reporting Project), անդրադարձել է այս գործով Գերմանիայում կայացված դատավճռին՝ ներկայացնելով նաև գործի բացահայտման և հետագա ընթացքի հանգամանքները, հայտնում է 1lurer.am-ը:
«Զանգերի կենտրոնի» միջոցով կատարված խարդախության առանցքային կազմակերպիչներից մեկը՝ Մ.Բ.-ն, Գերմանիայի դատարանի դատավճռով դատապարտվել է յոթ տարի և վեց ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը նաև որոշել է առգրավել հանցավոր ճանապարհով ստացված 2.4 միլիոն եվրոն։ Դատապարտված անձը խոստովանել է իր մեղքը։
Դատական ակտի համաձայն՝ Գերմանիայում տուժողներին պատճառված վնասը կազմել է մոտ 8 միլիոն եվրո։ Բացի այդ, խարդախությունների կատարման նպատակով այլ հանցավոր խմբերին մասնագիտացված ծրագրային ապահովում տրամադրելու հետևանքով պատճառվել է ևս մոտ 42 միլիոն եվրոյի վնաս։
«Այսպիսով, Հայաստանի Հանրապետության դատախազությունը, բավարարելով Գերմանիայի իրավասու մարմնի միջնորդությունը, նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը և կազմակերպված կիբեռհանցավորության դեմ պայքարին»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: