
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում գտնվող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի ութերորդ նիստւմ ունեցած ելույթում Պապոյանը նշել է, որ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի անցկացումը նպաստավոր հնարավորություն է ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների և ԵԱՏՄ շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հարցերի առարկայական քննարկման համար։
Նախարարը նաև ընդգծել է, որ Արդյունաբերական քաղաքականության խորհրդի ընթացիկ նիստը կարևոր ներդրում կունենա եվրասիական արդյունաբերական ինտեգրման հետագա խորացման գործում և կնպաստի Միության բոլոր անդամ պետությունների շահերին համահունչ գործնական լուծումների մշակմանը։
Եկատերինբուրգում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
Նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։