7 հուլիսի 2026 - 10:32 AMT
Ութ ընդդիմադիր ուժ դատապարտել է Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները

Ութ ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել, որում դատապարտել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները` դրանք որակելով «բռնաճնշումներ»:

«Ներքոստորագրյալ ընդդիմադիր ուժերն իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին և վերահաստատում, որ քաղաքական հայացքների, ընդդիմադիր գործունեության կամ քաղաքական դիրքորոշման համար որևէ անձի նկատմամբ ճնշումն անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետությունում։ Դա մարտահրավեր է ամբողջ հասարակությանը:

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նաև բոլոր քաղբանտարկյալներին և այն քաղաքացիներին, որոնք քաղաքական դրդապատճառներով ենթարկվում են հետապնդումների կամ ճնշումների, և վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ համատեղ պաշտպանելու նրանց իրավունքները, ժողովրդավարական արժեքներն ու ՀՀ սահմանադրական կարգը։

Մենք տեղի ունեցողը դիտարկում ենք որպես հերթական ապացույցն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում հաստատված քաղաքական զանգվածային հետապնդումների ժամանակաշրջանն անշեղորեն ընթանում է դեպի բռնապետություն։ Քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց թիվն օրեցօր աճում է։

Իշխանությունների սանձազերծած հետապնդումները որևէ աղերս չունեն արդարադատության իրականացման և հանցավորության դեմ պայքարի հետ։

Ակնհայտ է, որ այս հետապնդումները պայմանավորված են բացառապես Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությամբ։ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում իր բուն շարժառիթները։ Նա հետապնդումների մեկնարկի հրահանգը հնչեցրել է նախընտրական հանրային հավաքներից մեկի ժամանակ՝ սպառնալով ունեզրկել ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցության ղեկավարին։

Ակնհայտ է, որ այս գործողությունները նպատակ ունեն՝ հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը, ճնշելու հանրային անհամաձայնության ցանկացած դրսևորում և վախի մթնոլորտ ձևավորելու կարևոր քաղաքական գործընթացների նախաշեմին, այդ թվում՝ Հայաստանի ազգային և պետական շահերին առնչվող հարցերում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նման գործելաոճը ծանր հարված է հասցնում ոչ միայն երկրի քաղաքական համակարգին, այլև տնտեսությանը։

«Սեփականության իրավունքի ոտնահարումը, խոշոր ձեռնարկատերերի տնտեսական գործունեության նկատմամբ ճնշումները և իրավապահ մարմինների օգտագործումը որպես քաղաքական պայքարի գործիք անխուսափելիորեն կհանգեցնեն գործազրկության աճի, ներդրումային միջավայրի հետագա վատթարացման և տնտեսական անկայունության խորացման։

Մենք համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում առավել քան երբևէ անհրաժեշտ է ընդդիմադիր և հասարակական բոլոր ուժերի, ինչպես նաև ամբողջ հասարակության համախմբումը։ Միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի պաշտպանել ՀՀ պետականությունը, սահմանադրական կարգը, ժողովրդավարական սկզբունքներն ու քաղաքացիների իրավունքները։

Մենք կոչ ենք անում Հայաստանի միջազգային գործընկերներին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին՝ անհապաղ տալու տեղի ունեցող իրադարձությունների սկզբունքային գնահատականը և հրապարակայնորեն արտահայտելու իրենց դիրքորոշումը՝ ժողովրդավարական նորմերի, մարդու իրավունքների ոտնահարման և իշխանության քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումների վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընդդիմադիր ուժերը շարունակելու են բացառապես օրինական և քաղաքական միջոցներով պաշտպանել քաղաքացիների իրավունքները, ՀՀ սահմանադրական կարգը, ազգային շահերը և հայկական պետականության ապագան։

Հայտարարությանը միացել են Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, «Մայր Հայաստան» կուսակցությունը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը։

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: