
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել։
Սրբազանը պահանջում է, որ ՀՀ վարչապետը հերքի այն հայտարարությունը, որը չի համապատասխանում իրականությանը և արատավորում է իր պատիվը, համբավն ու արժանապատվությունը, հայտնում է Sputnik Արմենիան:
Խոսքը հունիսի 11-ին կառավարության նիստում Փաշինյանի այն հայտարարության մասին է, որտեղ նա պնդում էր, թե ՔՊ–ն 100%-ով օրգանիկ քվե է ստացել, իսկ մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, ու որ առանց փողի ընդդիմության օգտին ոչ ոք չի քվեարկել, բացարձակապես ոչ ոք։
«Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել հայտարարությունը` ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով»,– նշվում է պահանջում։
Բացի այդ, Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն պահանջում է բռնագանձել սիմվոլիկ 49․7 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Ըստ պաշտոնական տվյալների` հենց այդքան տոկոս ձայն է ստացել ՔՊ–ն խորհրդարանական ընտրություններում։
Արքեպիսկոպոսը նաև պահանջում է Փաշինյանից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: