8 հուլիսի 2026 - 14:51 AMT
Իրանն հարվածներ է հասցրել Բահրեյնին և Քուվեյթին՝ իր տարածքին ԱՄՆ գրոհից հետո

Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի և Քուվեյթի տարածքին՝ ԱՄՆ-ի կողմից իր տարածքին հասցված հարվածներից հետո։ Հուլիսի 8-ի առավոտյան, երկու երկրներում էլ հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Հայտնի է դարձել նաև Բահրեյնի հյուսիսում մի քանի պայթյունի մասին, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը։

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը, որի տարածքում տեղակայված են ԱՄՆ ցամաքային զորքերը, դատապարտել է Իրանի հարձակումները՝ հայտարարելով, որ դրանք «համակարգված կերպով խաթարում են» Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը, հայտնում է Deutche Welle-ն:

Հարվածների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Իրանական զինվորականների խոսքով՝ թիրախավորվել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։ Թեհրանում հայտարարել են, որ դա պատասխան է եղել «Հորմոզգան և Մահշահր նահանգների մի շարք առափնյա ռազմաբազաների և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ իրականացված ավիահարվածներին»։

Բացի այդ, ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը և Իսլամաբադում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Միևնույն ժամանակ հայտարարության մեջ չի հիշատակվել նավերի վրա իրականացված իրանական հարձակումների մասին։

Իրանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին զգուշացրել է տարածաշրջանի մյուս երկրներին՝ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարվածներ հասցնելու նպատակով իրենց տարածքը չտրամադրելու վերաբերյալ։

«Վախեցնելու և շանտաժի դարաշրջանն ավարտվել է։ Սա ոչ մի արդյունքի չի հանգեցնի։ Մենք չենք նահանջի», -գրել է X սոցիալական ցանցում Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Իրանի նոր հարվածները ժամանակային առումով համընկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա կատարած այցի հետ։ Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան դիվանագետ Անվար Գարգաշը Բահրեյնի և Քուվեյթի դեմ Իրանի հարձակումները բնութագրել է որպես «ակնհայտ ապացույց, որ Թեհրանը դեռևս ի վիճակի չէ հետևել լարվածության թուլացման պահանջներին և փակել պատերազմի էջը»։

Միևնույն ժամանակ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերի և այլ ռազմական օբյեկտների, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի ավելի քան 60 նավակի ուղղությամբ իրականացված հարվածների մասին։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ այդ գործողությունը պատասխան է եղել Իրանի կողմից Հորմուզի նեղուցում տանկերների վրա իրականացված հարձակումներին։

Հորմուզի նեղուցում երեք տանկերի վրա իրականացված հարձակումներից հետո ԱՄՆ-ն վերականգնել է նաև իրանական նավթի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Դրանց ժամանակավոր չեղարկումը եղել էր հունիսի կեսերին Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը՝ այն պայմաններում, երբ երկու երկրները փետրվարի վերջից գտնվում են ռազմական հակամարտության մեջ։

ԱՄՆ-ն Իրանի իշխանություններին մեղադրել է Հորմուզի նեղուցում տանկերների դեմ իրականացված «լիովին անընդունելի» հարձակումների համար։

«Իրանի դրսևորած ագրեսիան եղել է չհրահրված, վտանգավոր և հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտում», - հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից գործող Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնի (UKMTO) տվյալներով՝ տանկերներից մեկը խոցվել է անօդաչու թռչող սարքով և ստացել թեթև վնասներ։ Գրեթե նույն ժամանակ կենտրոնը հայտնել է ևս մեկ միջադեպի մասին. հեղուկ գազ տեղափոխող կատարական Al-Rekajat տանկերը լուրջ վնասներ է ստացել։ Անձնակազմի փոխանցմամբ՝ այն խոցվել է «անհայտ արկով»։ Իրանի կողմից խոցված երրորդ նավի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվել։

Հունիսի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 60 օր գործողությամբ ժամանակավոր ընդհանուր լիցենզիա էր տրամադրել, որը թույլ էր տալիս իրանական նավթի արդյունահանումը, մատակարարումն ու վաճառքը։ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների բանակցություններից հետո հայտարարվել էր, որ լիցենզիան գործելու է մինչև 2026 թվականի օգոստոսի 21-ը և թույլատրելու է ԱՄՆ ներմուծել իրանական նավթ, նավթաքիմիական արտադրանք և նավթամթերք, եթե այդ գործարքները կապված լինեն դրանց վաճառքի, տեղափոխման կամ բեռնաթափման հետ։