8 հուլիսի 2026 - 15:22 AMT
ՄԻՊ․ Ծառուկյանի ձերբակալման տեսանյութը հարցեր է առաջացնում՝ ուսումնասիրվում է

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմn ուսումնասիրություն է սկսվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության վերաբերյալ Քննչական կոմիտեի հրապարակած տեսանյութի կապակցությամբ` նշելով, որ այն հարցեր է առաջացնում:

Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 8-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող այլ հարցերը: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։

Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել են ահազանգեր առ այն, որ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և իրեն պատականող այլ տարածքներում իրականացվում են խուզարկություններ, սակայն վարութային գործողության վայր ներկայացած փաստաբաններին չի թույլատրվում մուտք գործել և մասնակցել համապատասխան գործողությանը: ՄԻՊ հաստատության արագ արձագանքման արդյունքում մի շարք բարձրացված հարցեր ստացել են լուծում:

Ավելի ուշ տարածվել է գործին առնչվող տեսանյութ՝ անձին փաստացի ազատությունից զրկելու պահը ներկայացնող կադրերով, ինչի առնչությամբ ներկայացվել են մտահոգություններ առ այն, որ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների՝ վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինները առանցքային դեր ունեն իրավախախտումների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի հարցերում։ Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ իրավախախտումների կանխման, բացահայտման, դրանց վերաբերյալ պատշաճ քննություն իրականացնելու հարցում: Այդ նպատակների իրականացումը ենթադրում է նաև տարբեր գործիքների կիրառում, այդ թվում՝ անձանց ազատազրկում, ֆիզիկական ուժի կիրառում, օրենքով սահմանված համապատասխան գործողությունների իրականացում։ Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի իրավապահ և այլ իրավասու մարմիններն իրենց գործառույթներն իրականացնեն ոլորտին վերաբերելի մարդու իրավունքների չափանիշների խստիվ պահպանմամբ:

Նշվում է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է համապատասխանի օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին, իսկ դրանց կիրառման իրավաչափությունը ենթակա է գնահատման՝ յուրաքանչյուր գործի կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա։

Ձեռնաշղթայի կամ ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի ձերբակալված լինելու հանգամանքով, այլ պետք է հիմնված լինի կոնկրետ փաստական հանգամանքների վրա, որոնք կարող են վկայել, օրինակ՝ դիմադրության, փախուստի, ինքնավնասման կամ այլ անձանց անվտանգությանը սպառնացող իրական վտանգի մասին։ Եթե անհրաժեշտ է համարվում անձի նկատմամբ ձեռնաշղթա կիրառել, այն ոչ մի դեպքում չպետք է չափազանց ամուր լինի և պետք է կիրառվի միայն այնքան ժամանակ, որքան դա խիստ անհրաժեշտ է:

«Նկատի ունենալով այն, որ տարածված տեսանյութը հարցեր է առաջացնում ձեռնաշղթայի և ֆիզիկական ուժի կիրառման՝ իրավական չափանիշները պահպանված լինելու տեսանկյունից՝ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է ուսումնասիրություն հարցի առնչությամբ։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ բողոքն ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը պարտավոր է հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որոնց որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումը: Իրավասու պետական մարմիններից ֆիզիկական ուժի և ձեռնաշղթայի կիրառման անհրաժեշտության, հիմքերի և այլ հանգամանքների առնչությամբ համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը կամփոփի ուսումնասիրության արդյունքները»,-ասվում է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Հայաստանում ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ։

Նշվում է, որ Պաշտպանի մանդատի շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է:

Ծառուկյանին ձերբակալել են՝ 7-8 հոգով տապալելով գետնին և հետո ձեռնաշղթաներ հագցնելով: Տեսանյութը տարածել է ՔԿ-ն: