8 հուլիսի 2026 - 16:29 AMT
Պետդուման խստացրել է Ռուսաստանում միգրանտների գտնվելու կանոնները

ՌԴ Պետդուման լիագումար նիստում երկրորդ և երրորդ, վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, որը խստացնում է Ռուսաստանում միգրանտների գտնվելու կանոնները։

Նոր կարգավորման համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ապահովել իրենց և ընտանիքի անդամների կենսապահովումը ոչ պակաս, քան այն գումարը, որը հավասար է տվյալ տարածաշրջանում մեկ շնչի հաշվով կենսապահովման նվազագույնի՝ բազմապատկված տարածաշրջանային գործակցով, գրում է ՌԻԱ Նովոստին:

Միևնույն ժամանակ այդ չափը չի կարող գերազանցել տվյալ տարածաշրջանի միջին ամսական հաշվարկված աշխատավարձը։ Եթե միգրանտը միաժամանակ աշխատում է մի քանի տարածաշրջաններում, հաշվարկը կատարվելու է ամենաբարձր կենսապահովման նվազագույնի հիման վրա։

Օրենքով ներդրվում է նաև միգրանտների եկամուտների վերահսկման մեխանիզմ։ Հարկային մարմինները ՆԳՆ-ին փոխանցելու են տվյալներ նրանց երեք, վեց, ինը և տասներկու ամսվա եկամուտների վերաբերյալ։ Սոցիալական հիմնադրամը ներկայացնելու է աշխատանքի մասին տեղեկությունները, իսկ եթե օտարերկրացու եկամուտը սահմանված շեմից ցածր լինի, նրա աշխատանքային պայմանագիրը համարվելու է դադարեցված, և Ռուսաստանում գտնվելու ժամկետը կկրճատվի։

Բացի այդ, խստացվում են աշխատանքային պատենտի տրամադրման և երկարաձգման պահանջները։ Պատենտ չի տրամադրվելու կամ չի երկարաձգվելու, եթե բացակայում են միգրանտի եկամուտների վերաբերյալ տվյալները կամ նրա վաստակը պակաս է տարածաշրջանային գործակցով բազմապատկված կենսապահովման նվազագույնից՝ հաշվարկված իր և խնամքի տակ գտնվող յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար։ Եթե պատենտը չեղարկվի կամ չերկարաձգվի, օտարերկրացին երեխաների հետ միասին պարտավոր կլինի 15 օրվա ընթացքում լքել Ռուսաստանը։

Մինչև 18 տարեկան միգրանտ երեխաների ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարաձգվելու է ծնողի պատենտի գործողության ժամկետի հիման վրա և ֆիքսված կանխավճարային եկամտահարկի վճարման պայմանով՝ յուրաքանչյուր երեխայի հաշվառմամբ։ Չափահաս դառնալուց հետո երեխան պարտավոր կլինի 30 օրվա ընթացքում լքել երկիրը կամ դիմել պատենտ ստանալու համար և վճարել համապատասխան կանխավճարը։

Օրենքով սահմանվում է նաև, որ եթե ժամանակավոր բնակության թույլտվություն կամ կացության իրավունք ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում օտարերկրացու եկամուտը սահմանված շեմից ցածր լինի, այդ փաստաթղթերը կչեղարկվեն։ Բացառություններ նախատեսվել են առկա ուսուցմամբ սովորող ուսանողների, կենսաթոշակառուների, անաշխատունակ անձանց, անչափահասների և որոշ այլ խմբերի համար։ Թույլտվությունը չի չեղարկվելու, եթե միգրանտը կորցրել է աշխատանքը, սակայն երեք ամսվա ընթացքում նոր աշխատանք է գտել և նրա եկամուտները համապատասխանում են օրենքի պահանջներին։

Բացի այդ, ՌԴ ՆԳՆ-ն իրավունք է ստանալու ստուգել եկամուտների առկայությունը կամ բացակայությունը, դրանց չափը, ինչպես նաև ֆիքսված կանխավճարային եկամտահարկի վճարման փաստը։ Ստուգումների կարգն ու ժամկետները սահմանելու է հենց նախարարությունը։

Օրենքի դրույթների հիմնական մասը ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից։

Օտարերկրացիների՝ իրենց և ընտանիքի անդամների կենսապահովումն ապահովելու պարտավորության, ինչպես նաև գտնվելու ժամկետի կրճատման մեխանիզմի վերաբերյալ նորմերը գործելու են 2027 թվականի մարտի 1-ից, իսկ պետական մարմինների միջև տվյալների փոխանակման դրույթները՝ օրենքի պաշտոնական հրապարակումից 90 օր հետո։