
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մերկապարանոց է անվանել ՀԷՑ-ի գործունեության վերաբերյալ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի գնահատականները, որոնք նա ներկայացրել է հւլիսի 7-ի ճեպազրույցի ժամանակ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Պետրոսյանը բերել է իր փաստարկները:
Նախօրեին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում ՀԷՑ-ի օրվա սեփականատերն առնվազն երեք «ուժեղ» սուտ է ասել ՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցադրումներին ի պատասխան.
Ս.Կ.՝ «Ընդամենը 100 հատ նոր միացում են արել՝ 3000-3500-ի փոխարեն…» (ենթադրաբար՝ ժամանակավոր կառավարման ողջ շրջանում ի նկատի ուներ):
Փաստ․ միայն 2026թ. 1-ին կիսամյակում ՀԷՑ-ն իրականացրել է 4103 նոր բաժանորդի նոր միացում ցանցին (միջինը՝ օրական 31 հայտ):
Ս.Կ.՝ «Չեն կարողանում ձեռք բերել, դրա համար չեն կարողանում ներդրումային ծրագրերը կատարել…»։
Փաստ․ Վարույթի մեկնարկից ի վեր՝ մինչ օրս, մոտ 11 ամսում բացառապես բաց, թափանցիկ մրցութային գնումների միջոցով ՀԷՑ-ը ձեռք է բերել մոտ 14․5մլրդ ՀՀ դրամ արժողության էլեկտրատեխնիկական սարքավորումներ և ապրանքանյութական արժեքներ. այս պահին ՀԷՑ-ի պահեստներում առկա է ավելի քան 27մլրդ ՀՀ դրամ արժողության նյութեր՝ նախատեսված Ներդրումային ծրագրի և ցանցի ընթացիկ սպասարկման համար։
Ս.Կ.՝ «40%-ից ավել ավելացել է անջատումները…»:
Փաստ․ Ընթացիկ տարվա մարտ, ապրիլ և մայիս ամիսներին հոսանքազրկումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է մոտ 36․7%-ով, ինչը պաշտոնապես ներկայացվել է նաև ՀԾԿՀ-ին։
Հ.Գ. Ահա այսպիսի անփառունակ վիճակագրություն և մերկապարանոց գնահատականներ»,-գրել է Պետրոսյանը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, պատասխանելով ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի մասին հարցին, ասել էր․ «50 միլիոնի ֆինանսական պարտավորություն կատարում են, որովհետև ուրիշ ոչ մի բանի հնարավորություն չունեն։ Այսինքն, իրենք փոխարեն արդիականացնեն, նոր միացումներ կատարեն, ընդամենը 100 հատ նոր միացում են կատարել՝ 3000-3500-ի փոխարեն։ Դրա համար էլ առաջացել է այդ գումարը։ Մեծ խելք պետք չէր՝ բանկերի պարտավորությունը կատարելու համար, խելքը նրա համար էր, որ իրագործեն, արդիականացնեն, նոր միացումներ կատարեն։ Դրա համար իրենք այնտեղ ամբողջությամբ ձախողվել են»: