9 հուլիսի 2026 - 11:03 AMT
FPWC․ Առյուծի անկման հիմնական պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ FPWC հայտարարել է, որ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխման ընթացքում անկած առյուծի դեպքի հիմնական պատճառը տեղափոխման գործընթացը չի եղել, այլ այն հանգամանքը, թե ինչպես և ինչ իրավական հիմքերով են վայրի կենդանիները հայտնվում ու տասնամյակներ շարունակ պահվում մասնավոր տարածքներում ոչ ճիշտ և առանց մասնագիտական մոտեցումների:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) նշում է, որ տվյալ դեպքը վեր է հանում Հայաստանում վայրի կենդանիների առևտրի, սև շուկայի գոյության և դրան նպաստող օրենսդրական բացերի խնդիրը։

«Տարիներ շարունակ տարբեր մասնավոր հավաքածուներում կենդանիների անհասկանալի ծագումնաբանությունը, նրանց վերարտադրության արդյունքում ծնված ձագերի անհետացումն անհայտ ուղղություններով և կենդանիների ճակատագրերի խեղաթյուրումը մնում են չհասցեագրված, ինչն էլ հանգեցնում է նմանատիպ ճգնաժամային ելքերի։

Որպես ոլորտում մասնագիտացված կառույց՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այն օբյեկտիվ կենսաբանական գործոնները, որոնք կենդանաբուժական պրակտիկայում կարող են հանգեցնել նման ելքի.

– Տվյալ առյուծը տարեց էր և լեուցիստ (գենետիկական առանձնահատկություն, որն արտահայտվում է բաց գունավորմամբ և հաճախ զուգորդվում է բնածին թաքնված հիվանդություններով): Բացի այդ, կենդանին տարիներ շարունակ պահվել է անազատության մեջ՝ ոչ մասնագիտական խնամքով և տվյալ կենդանիներին հատուկ ձևաչափով: բնական պայմաններից հեռու ինչն անդրադառնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության վրա:

– Ցանկացած միջամտություն խոշոր կատվազգիների դեպքում արվում է քնեցման եղանակով և եթե նույնիսկ՝ տեղափոխումը կազմակերպվեր և իրականացվել ոչ արտակարգ իրավիճակում՝ տրամադրելով շատ ավելի ժամանակ միևնույն է ռիսկերն անխուսափելի են»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ կենդանաբուժական պրակտիկայում հայտնի է, որ վայրի խոշոր կատվազգիների անզգայացումը, հատկապես տարեց և բարձր ռիսկային խմբում գտնվող կենդանիների դեպքում, միշտ կապված է լուրջ բարդությունների, այդ թվում՝ սրտանոթային կամ շնչառական համակարգի կանգի վտանգի հետ։

Նշվում է նաև, որ նման դեպքեր, ցավոք, արձանագրվում են նաև միջազգային պրակտիկայում` նույնիսկ բոլոր մասնագիտական չափանիշների պահպանման պայմաններում, անզգայացման հետ կապված կենդանու կենսաբանական յուրահատկություններից ելնելով ռիսկերը երբեք հնարավոր չէ ամբողջությամբ բացառել։

FPWC-ն տարիներ շարունակ հետևողականորեն զբաղվում է Հայաստանում վայրի կենդանիների պահման և պաշտպանության խնդիրներով։

«Չնայած իրականացվող աշխատանքներին՝ ցավոք, հանրապետությունում դեռևս կան վանդակներում պահվող բազմաթիվ վայրի կենդանիներ, որոնք ունեն փրկության և տեղափոխման անհրաժեշտություն։ Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է անազատ պայմաններում վայրի կենդանիների պահման համակարգային ռիսկերը. տարիների ընթացքում օրգանիզմին հասցված վնասը կարող է կրիտիկական դառնալ հետագա ցանկացած անհրաժեշտ միջամտության ժամանակ:

FPWC-ն վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը վայրի կենդանիների մասնավոր պահման ձևաչափերի վերանայման և օրենսդրական կարգավորումների խստացման անհրաժեշտության վերաբերյալ: Պատասխանատվության և հանրային բողոքի հիմնական հասցեատերը պետք է լինեն կենդանիներին ապօրինի կերպով տնօրինող, սև շուկայի զարգացմանը նպաստող կողմերն ու այն համակարգը, որը երկար ժամանակ չի կանխարգելել այս պրակտիկան։

Հիմնադրամը լիովին սատարում է կենդանաբանական այգու գործողությունները և պատրաստակամ է իր միջազգային գործնկերներին անմիջապես ներգրավելու մասնագիտական խորհրդատվության և փորձի փոխանակման գործնթացներում»,- ասվում է հաղորդագրությունում։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի, իսկ էգ առյուծը քնեցնելուց հետո անկել է։

Կենդանաբանական այգուց հայտնել էին, որ իրենց մոտ տեղափոխված էգ առյուծը, «պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով, քնեցումից չի արթնացել, և դա արձանագրված է հերձման ակտով»։ «Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված փայծաղը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»։