9 հուլիսի 2026 - 13:26 AMT
Փաշինյան. Պաշտոնապես ասում եմ՝ բոլորիդ անձնական տվյալներն ինչ-որ մի տեղ կուտակվում են, գաղտնիք չունեք

Կառավարությունը հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բոնուսային միավորների հաշվարկման կարգը, որը հնարավորություն կտա քաղաքացիներին 2029 թվականից առողջ ապրելակերպ վարելու դեպքում ստանալ զեղչեր և արտոնություններ։ Նախագծով նախատեսվում է, որ բոնուսներ կտրամադրվեն ծխախոտից հրաժարվելու, արյան դոնոր դառնալու և մարմնի զանգվածի ինդեքսը նորմայի բերելու համար։ Միևնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դրել լաբորատոր ստուգումների արդյունավետությունը՝ առաջարկելով բոնուսների տրամադրումը կապել թվային հետագծելիության և անկանխիկ գնումների հետ, հայտնում է Factor.am-ը:

Այս համատեքստում վարչապետը նշել է, որ 21-րդ դարում մարդկանց անձնական տվյալներն արդեն կուտակվում են տարբեր համաշխարհային հարթակներում, և պետությունը պետք է կարողանա դրանք կիրառել քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Պաշտոնապես ասում եմ՝ ժողովուրդ ջան, բոլորիդ բոլոր անձնական տվյալները ինչ-որ մի տեղ կուտակվում են, դուք ոչ մի գաղտնիք չունեք 21-րդ դարում։ Այդ գաղտնիքները միայն ազնիվ խոսքի վրա են։ Մենք պետք է քաղաքականություն վարենք։ Եթե մենք երաշխիքներ չդնենք, որ տվյալները քաղաքացու դեմ չեն օգտագործվելու, ոչինչ չենք կարող անել։ Ավելի լավ է ունենալ թվային վերահսկողություն, քան հազարավոր նոր տեսուչներ ու քննիչներ վարձել։

Եկեք լայնորեն քննարկենք երաշխիքները, որպեսզի քաղաքացիները համոզվեն, որ բացի գլոբալ վերահսկողներից, տեղական ոչ մի մարմին տվյալներին չի տիրապետում չարամտորեն։ Եթե քո թևին «շտապօգնություն» է կապված սարքի տեսքով, ապա ապահովագրության ռիսկը նվազում է, և արժեքը պետք է ավելի ցածր լինի։ Սա պետության և ժողովրդի անվտանգության հարց է։ Ով ուզում է, թող օգտվի կամավորության սկզբունքով։ Մոտիվացիան շատ կարևոր բան է»,- ասել է նա։

Կառավարության որոշմամբ Հայաստանում ներդրվելու է բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների՝ IMEI կոդերի միասնական համակարգը։ Ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսների ներմուծման դեպքում 2027 թվականի հունվարի 1-ից կոդերը գրանցվելու են առցանց, սահմանվելու է պետական տուրք, իսկ չգրանցված IMEI կոդի դեպքում բջջային օպերատորը կկասեցնի կամ կդադարեցնի ծառայության մատուցումը։