9 հուլիսի 2026 - 16:03 AMT
Փաշինյան. TRIPP-ի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում:

Նա նշել է, որ TRIPP-ը գլոբալ նշանակության նախագիծ է, որի արժեքն ու դերը ժամանակի ընթացքում շարունակելու են աճել և Հայաստանը շարունակելու է աշխատել Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպական միության, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի և մյուս գործընկերների հետ, հայտնում է 1lurer.am-ը:

«Մենք ուզում ենք րոպե առաջ սկսել TRIPP-ի իրականացումը, ինչքան հասկանում եմ, ամերիկյան կողմն էլ է դա ուզում: Հիմա պետք է ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի, հույս ունեմ, այս տարվա մեջ՝ աշնանը, գետնի վրա առաջին աշխատանքներն իրականացվեն:

TRIPP նախագծի գործընթացն իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու, և Հայաստանի ու Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորություններն էականորեն ընդլայնվելու են, ԻԻՀ-ի առևտրատնտեսական հնարավորություններն էականորեն ընյդլայնվելու են: Այսինքն՝ այս դետալները հաշվի առնելով՝ TRIPP նախագծի իրականացումն անկեղծորեն և ուղղակիորեն բխում է նաև ԻԻՀ-ի շահերից»,- ասել է նա։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։