9 հուլիսի 2026 - 16:34 AMT
Իշխանյան․ Մեզ ասում են՝ «եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում, ի՞նչ եք ուզում միջազգային ատյաններից»

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հղած ուղերձում նշել է, որ Ադրբեջանի վերաքննիչ դատարանից որևէ ակնկալիք չունեն, սակայն գիտակցում են, որ միջազգային դատարան տանող ճանապարհը հենց այդ փուլով է անցնում, և այդ մասին հայտարարել են նաև դատական նիստի ընթացքում։ Ձայնագրությունը հրապարակվել է Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում:

«Ամենածանրն այն է, որ մեր երեսին շպրտում են. «Եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարանից։ Սա է իրավիճակը, արդեն լուրեր են շրջանառվում, որ Գերագույն դատարանը մեր գործը չի ընդունի»,-նշել է Իշխանյանը։

Նա նշել է, որ ելույթ է ունեցել վերաքննիչ դատարանում և հայտարարել՝ սա քաղաքական պատվերով իրականացվող դատավարություն է, որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ, զուտ էթնիկ պատկանելության և ազգային ատելության հիմքով դատավարություն է։

Նա նշել է նաև, որ մինչ օրս պաշտպանները չունեն ո՛չ մեղադրական ակտը, ո՛չ մեղադրական եզրակացությունը և ո՛չ էլ դատավճիռը։ Դատավորը բազմաթիվ պահանջներից հետո թույլ է տվել պաշտպաններին էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ դատավճռին, այսինքն՝ չունենալ այն ձեռքի տակ։

«Ես նույնիսկ խոսեցի, որ սա կարված գործ չէ, այլ կարկատան է։ Օրինակ, 93 թվականին ծնված անձին վերագրում են կասկած 1991-92 թվականներին ռազմական գործողությունների համար, նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման»,-հավելել է Իշխանյանը։

Նա շեշտել է, որ նույն գնահատականը հնչեցրել է ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ վերահաստատել է վերաքննիչ ատյանում՝ նշելով, որ իր համոզմամբ սա հայ ժողովրդի և պետականության դեմ իրականացվող դատավարություն է՝ հստակ ռազմավարությամբ և հեռահար նպատակներով։

«Համբերատար ու նպատակասլաց մեր քայլերն ենք անում, արժանի ելույթներ ունենք։ Միջազգային ատյանների ու դատարանի հետ կապված քմծիծաղով ու արհամարհանքով են վերաբերվում»,-ասել է նա:

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։