9 հուլիսի 2026 - 18:58 AMT
10 իրավապաշտպան կազմակերպություն․ Ծառուկյանի ձերբակալության տեսանյութը նվաստացնելու նպատակ ուներ

10 իրավապաշտպան կազմակերպություն համատեղ հայտարարությամբ դատապարտել է ԱԱԾ դիմակավորված և զինված ծառայողների կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ «անհարկի անհամաչափ ուժի գործադրումը և գետնին տապալելը այն դեպքում, երբ նրա կողմից որևէ դիմադրություն չէր ցուցաբերվում»։

Նրանք նաև նշել են, որ գործի քննությունը պետք է իրականացվի անկախ՝ բացառելով քաղաքական ազդեցությունը և ապահովելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները։

«ՀՀ քննչական կոմիտեի կողմից տեսանյութի հանրայնացումը, գնահատելով դրա բովանդակությունը, ձևաչափը և տարածման եղանակը, թույլ է տալիս եզրակացնել, որ պետական մարմնի գործողությունը չի բխել միայն հանրությանը տեղեկացնելու օրինական նպատակից, այլ կրել է անձին հրապարակային նվաստացնելու և ցուցադրաբար պատժելու նպատակ։

Ավելին, նախընտրական քարոզչության ընթացքում ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարությունների և դրանց համատեքստի գնահատումը թույլ է տալիս եզրակացնել, որ վիճարկվող գործողությունները չեն կարող դիտարկվել մեկուսացված, այլ պետք է գնահատվեն պետական իշխանության ամենաբարձր մակարդակում հնչեցված հրապարակային ուղերձների ու հրահանգների ընդհանուր համատեքստում։

ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է, որ մարդը բարձրագույն արժեք է ու բացարձակապես արգելում է խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ իրավապահ մարմինների հետ հարաբերվելիս ցանկացած ուժի գործադրում, որը խիստ անհրաժեշտ չէ պայմանավորված անձի վարքագծով, նվաստացնում է նրա մարդկային արժանապատվությունն ու խախտում անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ իրավապահ մարմնի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կարող է գործադրվել միայն նախատեսված դեպքերում, այն պետք է լինի իրավաչափ և համաչափ, պիտանի և անհրաժեշտ օրենքով սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար։

«Նույն հրապարակային ուղերձների համատեքստում պետք է գնահատվի նաև տարիներ առաջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում Գագիկ Ծառուկյանին պատկանող վայրի կենդանիների առգրավման և Երևանի կենդանաբանական այգի տեղափոխման գործողությունը։ Այդ միջամտության անհրաժեշտության, համաչափության և իրական նպատակի վերաբերյալ բավարար հիմնավորումների բացակայությունը, դիտարկված գործի ընդհանուր փաստական համատեքստում, թույլ է տալիս կասկածի տակ դնել, որ այն պայմանավորված էր բացառապես քրեական վարույթի օրինական նպատակներով։ Ավելին, տեղափոխման ընթացքում քնեցված առյուծներից մեկի անկման փաստը ենթակա է արդյունավետ, անկախ և ամբողջական քննության:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

  1. Հանրային իշխանության ներկայացուցիչներից՝ զերծ մնալ դատական իշխանության և իրավապահ համակարգի մարմինների վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց,
  2. Քննչական կոմիտեի նախագահ Ա․ Պողոսյանից և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից՝ երաշխավորել, որ քրեական վարույթով իրականացվի անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջներով՝ երաշխավորելով անկախության և քաղաքական ազդեցություններից զերծ լինելու բարձր չափանիշներ, լիարժեքորեն ապահովել նախաձեռնված վարույթում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, պաշտպանության իրավունքը, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը,
  3. Քննչական կոմիտեից՝ երաշխավորել, որ ենթադրյալ հանցագործությունների քննության ընթացքի մասին հանրությանը մատուցվող տեղեկությունները, այդ թվում՝ տեսանյութերը, չխախտեն վարույթում ներգրավված անձանց իրավունքները` այդ թվում՝ անմեղության կանխավարկածը, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը,
  4. Քննչական կոմիտեից և դատախազությունից՝ քրեական վարույթ նախաձեռնել և արդյունավետ քննություն իրականացնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անհարկի ու անհամաչափ ուժ գործադրելու գործողության շուրջ և պատասխանատվության ենթարկել դրանում ներգրավված Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին,
  5. Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից՝ իրականացնել իրենց գործառույթները՝ հիմք ընդունելով Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների պահանջները՝ բացառելով ոչ իրավաչափ, անհամաչափ և անհարկի ուժի գործադրումը և անձանց իրավունքների խախտումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հելսինկյան ասոցիացիա ԻՀԿ-ն, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ-ն, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը։

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է:

Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել: Նշվում է,որ դա պայմանավորված էր մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով։