10 հուլիսի 2026 - 11:48 AMT
ՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են դաստիարակների վերապատրաստման համատեղ ծրագրերի հնարավորությունը

Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգում իրականացվող հիմնական բարեփոխումները՝ առանձին անդրադառնալով կրթության ոլորտում արհեստական բանականության ինտեգրմանը։

Ժեֆրեն բարձր է գնահատել Հայաստանի հետ կրթության ոլորտում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Նա կարևորել է Հայաստանում ֆրանսերենի ուսուցման զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերը՝ նշելով, որ դրանք նպաստում են ոչ միայն լեզվի տարածմանը, այլև երկու երկրների միջև բազմակողմ կապերի ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախադպրոցական կրթության ոլորտում փորձի փոխանակմանը, ինչպես նաև քննարկվել է դաստիարակների մասնագիտական վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Նշելով, որ 2019 թվականից նախադպրոցական կրթությունը Ֆրանսիայում դարձել է պարտադիր և անվճար, Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը ներկայացրել է ոլորտի հիմնական առանձնահատկությունները։

Էդուար Ժեֆրեն ներկայացրել է նաև արհեստական բանականության ուղղությամբ Ֆրանսիայի կրթական համակարգում իրականացվող նախաձեռնությունները՝ նշելով, որ ԱԲ գրագիտությունը դպրոցական ծրագրերում ներառվել է որպես առանձին ուսումնական բաղադրիչ։

Անդրեասյանը ներկայացրել է ավագ դպրոցներում իրականացվող ԱԲ սերունդ, http://STEP.AI կրթական ծրագրերը, ինչպես նաև «AI Generation» բազմաստիճան կրթական նախաձեռնությունը, որն ուղղված է արհեստական բանականության ոլորտում մասնագետների պատրաստմանը՝ դպրոցական փուլից մինչև հետբուհական կրթություն։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ԿԳՄՍ նախարարության և OpenAI միջազգային ընկերության համագործակցությունը, որի շրջանակում ChatGPT Edu գործիքը հասանելի է դառնալու Հայաստանի կրթական համայնքին՝ առաջիկա սեպտեմբերից ապահովելով մոտ 50 հազար բաժանորդագրություն ուսանողների, ուսուցիչների և հետազոտողների համար։ Այդ համատեքստում քննարկվել են նաև երկու երկրների միջև փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավոր հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերին՝ ընդգծելով Փարիզում գործող «Թումո» կենտրոնի մասնաճյուղի գործունեության կարևորությունը, որտեղ ևս մեծ ուշադրություն է դարձվում կրթական ծրագրերում արհեստական բանականության ինտեգրմանը։

Հայաստանի և Ֆրանսիայի նախարարները քննարկել են նաև երեխաների կողմից սոցիալական ցանցերի չափազանց ակտիվ օգտագործման խնդիրը՝ ընդգծելով, որ մշակվում են համապատասխան քայլեր և կարգավորումներ՝ դպրոցականների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու և վերահսկելու նպատակով՝ ապահովելով նրանց համար առավել անվտանգ թվային միջավայր։

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ձևավորել երկու նախարարությունների միջև առավել համակարգված և երկարաժամկետ համագործակցության օրակարգ՝ ակտիվացնելով փորձի փոխանակումն ու երկկողմ ճանաչողական այցերը։

Կողմերը վերահաստատել են կրթության ոլորտում համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը։

Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Hôtel Drouot աճուրդային կենտրոն և հանդիպել կառույցի նախագահ Ալեքսանդր Ժիքելոյի հետ։

ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել նրա գործունեությանը, աճուրդների կազմակերպման և անցկացման ընթացակարգերին, ինչպես նաև կիրառվող տեխնոլոգիաներին։ Նախարարին ներկայացվել է, թե ինչպես են պահպանվում հատկապես հին լոտերը, որոնք լրացուցիչ ուշադրություն են պահանջում։ Ալեքսանդր Ժիքելոն ներկայացրել է նաև աճուրդային գործընթացի առանձնահատկությունները, տարբեր երկրների հետ համագործակցության ուղղությունները և ոլորտին վերաբերող այլ կարևոր մանրամասներ։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը աճուրդային համակարգի, արվեստի շուկայի կառավարման, մշակութային փոխանակումների, ինչպես նաև մշակութային արժեքների օրինական շրջանառության խթանման և ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղություններով։

Անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական կարողությունների զարգացման թեմային՝ կարևորելով փորձի փոխանակման ծրագրերը, Hôtel Drouot-ի հետ մասնագիտական այցերի կազմակերպումը, ինչպես նաև հայկական թանգարանների մասնագետների, կուրատորների և արվեստի փորձագետների վերապատրաստման հնարավորությունները։

Hôtel Drouot կենտրոնն ունի 17 աճուրդային և ցուցահանդեսային սրահ, որտեղ գործում են ավելի քան 100 լիցենզավորված աճուրդավարներ։ Ամեն տարի այստեղ անցկացվում է շուրջ 2,000 աճուրդ, որոնց ընթացքում վաճառվում է մոտ 600,000 առարկա։ Կենտրոնը նաև առաջարկում է արվեստի գործերի գնահատման, փոխադրման և պահեստավորման ծառայություններ, ինչպես նաև մշակութային ոլորտի մասնագիտական վերապատրաստման ծրագրեր։