
2023-ին Երևանի կենդանաբանական այգին 14 գորշ արջ և 12 սպիտակագլուխ անգղ է արտահանել հնդկական «Վանտարա»՝ կենդանիների փրկարարական ու վերականգնողական կենտրոն (Greens Zoological, Rescue & Rehabilitation Center): Այս մասին հետաքննություն է հրապարակել EVN Report-ը:
Հետաքննությունը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սա Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների զանգվածային տեղափոխում է եղել, որն իրականացվել է առանց հանրության պատշաճ իրազեկման, գրում է Sputnik Արմենիան:
Էկոլրագրող Մարիամ Տաշչյանի տեղեկություններով՝ արտահանման ցանկը միայն այս կենդանիներով չի սահմանափակվել։ Երևանի կենդանաբանական այգին թույլտվություն է ստացել նաև արտահանել երեք թուրքմենական կուլան և չորս Պրժևալսկու ձի, սակայն այդ կենդանիները չեն հատել Հայաստանի սահմանը։ Մեկ կուլան և երեք ձի անկել են դեռևս տեղափոխման նախապատրաստական փուլում։
«Իմ ձեռքի տակ հայտնված անկման ակտերում որպես պատճառ նշված են «տեխնիկական խնդիրները»։ Թե ինչ ճակատագրի արժանացան արտահանման թույլտվության մեջ ներառված մյուս երկու կուլաններն ու մեկ ձին, պաշտոնական փաստաթղթերում որևէ նշում չկա»,- գրում է լրագրողը։
Հետաքննության համաձայն՝ կենդանաբանական այգու ղեկավարությունն ու Երևանի քաղաքապետարանն անհայտ հանգամանքներում որոշել են նշված կենդանիներին նվիրաբերել հնդկական կենտրոնին, որի մասին 2023 թվականին դեռևս շատ քիչ տեղեկություններ են եղել։ Երևանի քաղաքապետարանը, պատասխանելով էկոլրագրողի հարցմանը, նշել է, որ նվիրատվության պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից կենդանիներն արդեն «հնդկական կողմի սեփականությունն էին» և դուրս էին եկել կենդանաբանական այգու հաշվեկշռից, հետևաբար անկումների համար պատասխանատվություն չեն կրել։
«Խոսքը ոչ թե պարզապես գույքի, այլ համաշխարհային կարմիր գրքում գրանցված հազվագյուտ տեսակների մասին է։ Պրժևալսկու ձին և թուրքմենական կուլանն ունեն վտանգված կարգավիճակ, պրժևալսկու ձիու վայրի չափահաս առանձնյակների քանակն ամբողջ աշխարհում չի անցնում 178-ը։ Սա մի տեսակ է, որը ժամանակին ամբողջությամբ անհետացել էր վայրի բնությունից և վերականգնվել է բացառապես գիտական ծրագրերի շնորհիվ։ Երբ նման եզակի գենոֆոնդ ունեցող կենդանիներն անկում են տեղափոխման տեխնիկական փուլում, դա դադարում է լինել պարզապես այգու ներքին խնդիրը և վերածվում է համաշխարհային կորստի, որի համար պատասխանատվությունը փաստաթղթային ձևակերպումներով չի սահմանափակվում»,- ընդգծում է էկոլրագրողն իր հոդվածում։
Լրագրողը մանրամասն ուսումնասիրել է նաև «Վանտարա» կենտրոնի գործունեությունը, որին փոխանցվել են կենդանիները։ Պարզվել է, որ այն հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի որդու՝ Անանտ Ամբանիի խոշոր նախագիծն է։ «Վանտարան» (սանսկրիտից թարգմանաբար՝ «բնության մարմնացում») Ջամնագարում գտնվող 3000 ակր տարածքով հսկայական համալիր է։ Մուկեշ Ամբանին երկար տարիներ գլխավորել է Ասիայի ամենահարուստ մարդկանց ցանկը, իսկ նրա կարողությունը գնահատվել է 110-115 միլիարդ դոլար։
Ամբանիների՝ մոտ 2 միլիարդ դոլար արժողությամբ առանձնատունը համարվում է աշխարհի ամենաթանկ մասնավոր բնակավայրերից մեկը։ Այն ունի 27 հարկ և 600 հոգանոց սպասարկող անձնակազմ։
Միջազգային քննարկումներում բազմիցս նշվել է, որ «Վանտարան» ակտիվորեն կենդանիներ է հավաքագրել աշխարհի տարբեր երկրներից՝ ձևավորելով մասնավոր ամենախոշոր հավաքածուներից մեկը։
Մարիամ Տաշչյանը գրել է, որ հնդկական «փրկարարական» կենտրոնը կենդանիներ է ներմուծել ոչ միայն բնապահպանական կազմակերպություններից և կենդանաբանական այգիներից, այլ նաև Հայաստանում գործող՝ հազվագյուտ կենդանիների առևտրով զբաղվող ընկերությունների ցանցից։
«Այս համագործակցության առանցքը Երևանի Գուրգեն Մահարի 148 հասցեում գործող ընտանեկան մենաշնորհն է։ Ուսումնասիրելով փաստաթղթերը՝ տեսնում ենք միևնույն անձանց (հոր, մոր և որդու) անուններով գրանցված կազմակերպությունների մի ամբողջ շղթա։ Թեև ցանցի նոր օղակը կրում է «Փերադայս Անիմալս Շելթր ընդ Ռեաբիլիթեյշն Սենթր» (Paradise Animal Shelter and Rehabilitation Centre) ՍՊԸ անվանումը, այն իրականում գործում է որպես առևտրային կազմակերպություն՝ կապված լինելով Ինտերպոլի կողմից մաքսանենգության կասկածանքով նախկինում հետախուզվող անձի հետ»,- նշում է լրագրողը։
Նա ընդգծել է, որ Հայաստանում իրականացված այս գործընթացի ամենախնդրահարույց կողմը համակարգային և պաշտոնական օրինականացումն է եղել։ Նրա տվյալներով՝ Հայաստանից «Վանտարայի» հետ համագործակցության մեջ ներգրավվել են միայն երկու կազմակերպություններ՝ վայրի կենդանիների ստվերային և կասկածելի առևտրով զբաղվող ընկերությունն ու Երևանի կենդանաբանական այգին։
Հետաքննությամբ նաև պարզվել է, որ ՍԻԹԵՍ-ի (Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիա) արտոնագրերի համաձայն՝ «փրկարարական» կենտրոն համարվող «Վանտարան» Հայաստանի այս մասնավոր առևտրային կառույցից ձեռք է բերել և Հնդկաստան տեղափոխել հազվագյուտ կենդանիների խոշոր խմբաքանակներ, այդ թվում՝ 10 տափաստանային արծիվ, 2 կարմիր գայլ, 30 բաշավոր ոչխար և այլ կենդանատեսակներ։