
Հայաստանում էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) դեպքեր չեն գրանցվել, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանի համար անմիջական ռիսկը ներկայումս գնահատվել է ցածր։ ՀՀ առողջապահական մարմինները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և համագործակցում միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ առաջարկություններին համապատասխան։
Աֆրիկյան երկրներ մեկնող կամ այնտեղից վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել ԱՀԿ ճանապարհորդական հանձնարարականներին, խուսափել հիվանդ կամ մահացած անձանց, ինչպես նաև վայրի կենդանիների հետ անմիջական շփումից։
Եթե ճանապարհորդությունից հետո ի հայտ գան հիվանդությանը բնորոշ ախտանիշներ՝ բարձր ջերմություն, արտահայտված թուլություն, փսխում, լուծ, արյունահոսական դրսևորումներ կամ այլ ախտանշաններ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության և բուժաշխատողին տեղեկացնել վերջին ճանապարհորդության մասին։
էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) բռնկումը շարունակել է ակտիվ մնալ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։
2026 թվականի հուլիսի 5-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արձանագրվել է 1759 հաստատված դեպք, 600 հաստատված մահ:
Ուգանդայում հուլիսի 9-ի դրությամբ գրանցվել է՝ 20 հաստատված դեպք, 2 հաստատված մահվան դեպք, 1 հավանական դեպք, 1 հավանական մահվան դեպք:
Ֆրանսիայում հունիսի 24-ին հաստատվել է մեկ ներմուծված դեպք՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից վերադարձած բուժաշխատողի մոտ։
Ռիսկի գնահատման համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հանրային առողջության համար ռիսկը գնահատել է որպես շատ բարձր, իսկ հարևան երկրների համար՝ բարձր՝ բնակչության ակտիվ տեղաշարժով և սահմանային հաղորդակցությամբ պայմանավորված։ Չնայած Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքին՝ ԱՀԿ-ն գնահատել է, որ գործող արդյունավետ հսկողության և արագ արձագանքման միջոցառումների պայմաններում հիվանդության լայնածավալ միջազգային տարածման ռիսկը շարունակել է մնալ վերահսկելի։
ՀՀ առողջապահական համակարգը շարունակում է իրականացնել միջազգային իրավիճակի մշտադիտարկում և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ բնակչության առողջության պահպանման նպատակով։