
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ հնչած գնահատականներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դժվար չէր կանխատեսել, որ առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր, վերագրվելու էր դիտավորության:
Ըստ նրա՝ կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել:
«Գագիկ Ծառուկյանի կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու քաղաքապետարանի առաջարկը վերջին երկու օրերի շահարկումների թոփ թեման էր։ Գլխավոր թեզը գործարարին և քաղակական ուժի առաջնորդին առնչվող քննչական գործողություններն ու կենդանիների համար այս փուլում, թերևս, ամենահարմար ու անվտանգ հանգրվան ապահովելու առաջարկը փոխկապակցելն ու , որ ամենաանհեթեթն էր, կենդանիներից մեկի անկման ցավալի փաստը որպես քաղաքական հաշվեհարդար մատուցելը:
Այո, ցավալի էր շատ, որ կենդանիներից մեկը, մասնավորապես՝ էգ առյուծը, սեդացիայից հետո չարթնացավ, բայց սա մասնագիտական խոսակցություն է՝ քայլերի ու հնարավոր սխալների տիրույթում, ինչը կարելի էր ենթադրել ու սուբյեկտիվորեն կամ օբյեկտիվորեն վիճարկել, բայց առնվազն դժվար չէր նաև կանխատեսել, որ առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր, վերագրվելու էր դիտավորությանը՝ գեներացնելով դավադրապաշտության մի ամբողջ տեսություն, ինչն արդեն ոչ այնքան սրտացավություն է, որքան մանիպուլյացիա, ցավալի դեպքը արագ փաթեթավորելու և մարդկանց թիրախավորելու գործիք, պարզ դեմոնիզացիա:
Մի կողմ թողնելով մեծաքանակ կենդանիների մասնավոր տարածքներում պահելու իրավունքի վիճելի դրույթը, արձանագրենք մի փաստ՝ իրավական գործընթացով պայմանավորված կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել և լինել մասնագետների մշտական հոգածության ու խնամքի ներքո, սա էր առաջարկի ու տեղափոխման միակ, ոչ քաղաքական, բացառապես՝ բնապահպանական մղումը»։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի, իսկ էգ առյուծը քնեցնելուց հետո անկել է։
Կենդանաբանական այգուց հայտնել էին, որ իրենց մոտ տեղափոխված էգ առյուծը, «պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով, քնեցումից չի արթնացել, և դա արձանագրված է հերձման ակտով»։ «Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված փայծաղը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»։