13 հուլիսի 2026 - 15:49 AMT
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Արեգնազ Մանուկյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։

Այցի շրջանակում ուսումնասիրվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ Նրանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հետ կապված հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Այցի ընթացքում ազատությունից զրկված անձանց ներկայացրած հանգամանքներն ու արձանագրված խնդիրները մանրամասն կամփոփվեն և կուղարկվեն իրավասու մարմիններին։