14 հուլիսի 2026 - 10:39 AMT
Վարչապետին քննադատած բժշկուհին դատարանում կբողոքարկի աշխատանքից ազատման հրամանը

Քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սուր բանավեճից երկու ամիս անց աշխատանքից ազատված «Քանաքեռ-Զեյթուն» առողջության կենտրոնի Զեյթունի պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի ղեկավար Արփինե Սողոյանը կբողոքարկի որոշումը դատարանում:

Նա ստացել է աշխատանքից ազատման վերաբերյալ տնօրենի ծանուցումը, հայտնում է «Ազատությունը»:

«Եթե լիներ առանց 20 թվի իրադարձությունների, գուցե ավելի ծանր տանեի, բայց հիմա ինձ մոտ էդ հատվածը բթացել է հայրենիքի կորստով: Աշխատանքի հետ կապված գրեթե ոչինչ, դատարկություն», - ասել է նա:

Սողոյանը համոզված է, որ ստացած ծանուցումն անմիջականորեն կապված է իր քաղաքական հայացքների և վարչապետի հետ ունեցած վեճի հետ։

«Մի քանի անգամ եղել էր էդ բանը, կիսակատակով ասել եմ՝ դե չեմ գրում, ուզում եք հանեք: Բայց դե ծանուցումն այսօր պաշտոնապես ստացանք»,-ասել է բժշկուհին:

Դեպքից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շտապել էր բացառել, թե բժշկուհին կարող է աշխատանքից ազատվել քաղաքական հայացքների պատճառով։ Սակայն այդ հայտարարությունից երկու ամիս անց Երևանի քաղաքապետարանի իրականացրած կրճատումների արդյունքում աշխատանքից ազատվողների թվում հայտնվել է հենց ընդդիմադիր դիրքորոշմամբ հայտնի մասնագետը։

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կրճատումները կապված են առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հետ։ Ըստ պարզաբանման՝ քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում կրճատվել են մի շարք հաստիքներ, այդ թվում՝ գինեկոլոգների։ Նշվել է նաև, որ պահպանված լրացուցիչ հաստիքները, ներառյալ բաժնի վարիչի պաշտոնը, առաջացնում են հավելյալ ֆինանսական բեռ, որը ենթակա չէ փոխհատուցման։ Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ գործընթացը սկսվել է դեռևս հունվարից։

Մինչ քաղաքապետարանի ներկայացուցիչները շեշտել են, որ բուժական գծով փոխտնօրենները կարող են լուծել բուժառուների բոլոր հարցերը, Սողոյանը ներկայացրել է ստացած ծանուցումը և ընդգծել, որ այդ հիմնավորումը տրամաբանական չի համարում։

Ծանուցման համաձայն՝ բազմամյա աշխատանքային փորձ ունեցող բժշկին այլ աշխատանք հնարավոր չէ առաջարկել՝ նրա առողջական վիճակից ելնելով։ Սողոյանը, սակայն, պնդել է, որ առողջական որևէ խնդիր չունի և երբևէ հիվանդության պատճառով աշխատանքից չի բացակայել։ Նա նաև տարակուսել է, թե ինչու են կրճատվում հաստիքները, եթե պոլիկլինիկա դիմող քաղաքացիների թիվը չի նվազել։ Նրա խոսքով՝ դիմողների մի մասն այժմ սպասարկվում է ոչ թե պետպատվերի, այլ համընդհանուր ապահովագրության շրջանակում, ինչի հետևանքով բժիշկների ծանրաբեռնվածությունը ոչ թե նվազել, այլ ավելացել է։ Սողոյանի հաստիքի կրճատումից հետո ավելի քան 10 հազար կին սպասարկվելու է երեք բժշկի կողմից։

«Քանաքեռ-Զեյթուն» առողջության կենտրոնի տնօրեն Վարդան Հակոբյանը, որն ուղարկել է Սողոյանին ուղղված ծանուցումը, հրաժարվել է պատասխանել «Ազատության» հարցերին՝ նշելով, որ վերադաս կառույցից՝ քաղաքապետարանից, համապատասխան թույլտվություն չունի։

Ավելի քան 21 տարի նույն առողջության կենտրոնում աշխատած գինեկոլոգը քարոզարշավի ընթացքում հանդիպել է Փաշինյանին, հետաքրքրվել 2020 թվականի պատերազմի ժամանակ անհետ կորած իր եղբոր և մյուսների ճակատագրով, ինչպես նաև քննադատել վարչապետին։ Այդ հանդիպման ընթացքում Փաշինյանը բորբոքվել է և փորձել բժշկուհուն նույնացնել ընդդիմադիր գործիչների հետ, ինչի հետևանքով իրավիճակը լարվել է։