
Հուլիսի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեժիսոր Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» ֆիլմով բացվել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը։
Ցուցադրությունից առաջ Թամարա Ստեփանյանը նշել է, որ ֆիլմը հայրենիքում և հատկապես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ներկայացնելն իր համար առանձնահատուկ խորհուրդ ունի, հայտնում է Արմենպրեսը:
«Մի բան է բացել Լոկառնոյի կինոփառատոնը, բոլորովին այլ բան է բացել իմ սիրելի հայրենիքի «Ոսկե ծիրանը»։ Այս ֆիլմը սիրո նամակ է իմ հայրենիքին, մեր կինոյին, մեր վերքերին, մեր կորցրած հողերին։ Այդ սիրո նամակը փորձեցի վերածել ֆիլմի»,- նշել է Ստեփանյանը։
Ծրագրում ընդգրկվել են նաև ֆիլմեր, որոնք արժանացել են մրցանակների Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոներում։
Փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը կարևորել է այն փաստը, որ «Ոսկե ծիրան»-ը դարձել է FIAPF-ի կողմից ճանաչված աշխարհի 50 լավագույն փառատոներից մեկը։
«Սա տասնյակ տարիների և հատկապես վերջին տարիների, որոնք միտված են եղել տարածաշրջանում փառատոնի դիրքավորմանը, կատարած աշխատանքի արդյունք է: Մենք այդ բարդ, դրամատիկ տարածաշրջանում փորձել ենք ձևավորել մի արժեք, որը կգնահատվի աշխարհի կողմից»,-ասել է նա:
Նա հավելել, որ այս տարի փառատոնը հյուրընկալել է մոտ 200 միջազգային հյուրի՝ հեղինակավոր արվեստագետների, որոնց թվում են օսկարակիր Պավել Պավլիկովսկին, օպերատորներ Բրունո Դելբոնելը և Մահմուդ Քալարին, աշխարհահռչակ շեփորահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը, որը նաև համերգով հանդես կգա մարզահամերգային համալիրում, ինչպես նաև այլ անվանի հյուրեր։
Ավետիսյանը հիշեցրել է, որ նախատեսվել են բազմաթիվ կրթական ծրագրեր, Կաննի կինոփառատոնի հետ արտադրական համագործակցություն, ցուցահանդեսներ, «Նամուս» ֆիլմի 100-ամյակին նվիրված միջոցառումներ և այլ նախաձեռնություններ։
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հիշեցրել է, որ արդեն հինգերորդ տարին է, ինչ քաղաքապետարանը «Ոսկե ծիրանի» գլխավոր հովանավորն է։ Նրա խոսքով՝ կինոփառատոնը վաղուց դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև Երևանի կարևոր մշակութային այցեքարտերից մեկը։
«Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնել այստեղ՝ մարդկանց, ովքեր սիրում են կինոն և ապրում են կինոյով։ Տարեցտարի «Ոսկե ծիրանը» գրանցում է նոր ձեռքբերումներ։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ավելի քան 5 հազար կինոփառատոների շարքում «Ոսկե ծիրանն» աշխարհի լավագույն 50 փառատոներից մեկն է, և սա իսկապես կարևոր նվաճում է»,- նշել է նա։
Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հիշեցրել է, որ 2003 թվականին իր ուսուցիչ Միքայել Ստամբոլցյանի և կինոգետ Սուսաննա Հարությունյանի հետ որոշել են հիմնել «Ոսկե ծիրանը», քանի որ այն կարևոր անհրաժեշտություն էր հայկական կինոյի համար։
«Փառատոնն անցել է երկար ճանապարհ և Հայաստանի նման լավ երկրին իսկապես պետք է նման փառատոն»,-ասել է Խաչատրյանն ու պատիվ համարել «Վարպետ» մրցանակը հանձնել 23-րդ փառատոնի Միջազգային ժյուրիի նախագահ, անվանի ավստրիացի ռեժիսոր Ջեսիկա Հաուզներին։
Նա ընդգծել է, որ «Վարպետ» մրցանակը շնորհվում է այն արվեստագետներին, որոնք ոչ միայն բարձրակարգ կինո են ստեղծում, այլև իրենց պատմություններով, ինքնատիպ ձեռագրով և գաղափարներով ազդեցություն են թողել համաշխարհային կինոարվեստի վրա։ Խաչատրյանը նշել է, որ թեև դոկումենտալ կինոյի մեծ սիրահար է, սակայն կան նաև խաղարկային բացառիկ ֆիլմեր, որոնց առջև արժե խոնարհվել, և Ջեսիկա Հաուզներին նա դասում է աշխարհի լավագույն ռեժիսորների շարքին։
Բացման հանդիսավոր արարողության կարևոր դրվագներից մեկը դարձել է նաև «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումը ֆրանսիացի անվանի օպերատոր Բրունո Դելբոնելին՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։
Երաժշտական հատվածում շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը ներկայացրել է հատուկ երաժշտական կատարում՝ նվիրված «Նամուս» ֆիլմի 100-ամյակին՝ հանդիսատեսի համար մատուցելով յուրահատուկ իմպրովիզացիա։
Հուլիսի 13-19-ն անցկացվող Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում հանդիսատեսը Կինոյի տանը, «Կինոմոսկվայում»մ և «Նաիրի» կինոթատրոնում հնարավորություն կունենա դիտել 90 ֆիլմ աշխարհի 40 երկրից։
Կինոփառատոնի շրջանակում Հայաստան ժամանած համաշխարհային կինոյի ճանաչված ներկայացուցիչները՝ օսկարակիր պրոդյուսեր Սև Օհանյանը, ֆրանսահայ դերասան և թատերական ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեհ անվանի ռեժիսոր Պավել Պավլիկովսկին և մյուս հյուրերը, իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոյի սիրահարներին և մասնագիտական հանրությանը։