14 հուլիսի 2026 - 12:42 AMT
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում դատախազը հետմահու հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ԿԱ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի նկատմամբ։

Նրան մեղսագրվւմ է պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը և պաշտոնեական անփութությունը, որը, ըստ մեղադրանքի, հանգեցրել է ծանր հետևանքների, հայտնում է Քննչական կոմիտեն:

Նշվում է, որ դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2026 թվականի ապրիլի 18-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ԿԱ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի (Հայկ Հարությունյան-խմբ․) նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):

Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Հ.-ն, 2003 թվականից մինչև 2008 թվականի մայիսի 29-ը զբաղեցնելով ՀՀ Կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնը, իրականացնելով ՀՀ ոստիկանության ընդհանուր ղեկավարումը, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցույցը ցրելը, ցուցարարներին հրապարակից բռնության գործադրմամբ հարկադրաբար հեռացնելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հ.Հ.-ին առաջադրված մյուս մեղադրանքի հիմքում դրված է այն հանգամանքը, որ Հ.Հ.-ն, որպես ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավար, պարտավոր լինելով սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ոստիկանության գործունեությանն ու աշխատանքի կազմակերպմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծեր և առաջարկություններ, այդ թվում՝ «Չերյոմուխա 7» արցունքաբեր և «Զարյա» լուսաձայնային և այլ հատուկ միջոցների կիրառման կարգը, չի կատարել այդ պարտականությունը:

Հաշվի առնելով, որ Հ.Հ.-ն 2019 թվականին մահացել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը հանձնվել է օրինական ներկայացուցչին՝ վերջինիս կնոջը:

Հ.Հ.-ի կինն առարկել է, որպեսզի մեղադրյալի մահվան հիմքով Հ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվի:

«Հսկող դատախազի կողմից թիվ 62202608 քրեական վարույթից անջատված թիվ 62292726 քրեական վարույթի նյութերը վերադարձվել են վարույթ իրականացնող մարմնին՝ Հակակոռուպցիոն կոմիտեին՝ մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։