
Հուլիսի 13-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթ է ունեցել «Trade over Aid» ֆորումում։
Նա ընդգծել է, որ Հայաստանը միացել է «Trade over Aid» նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը՝ այն դիտարկելով որպես զարգացման միջազգային համագործակցության նորարարական մոտեցում, որը լրացնում է ավանդական զարգացման գործիքները՝ շեշտադրելով ազգային կարողությունների ամրապնդումը, ներդրումների ներգրավումը, տնտեսական աճը, ինչպես նաև ազգային պատասխանատվության և դիմակայունության բարձրացումը, ինչը համահունչ է Հայաստանի զարգացման առաջնահերթություններին։
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև ՄԱԶԾ-ի ակտիվ ներգրավվածությունը նախաձեռնության շրջանակում՝ նշելով, որ կազմակերպության բազմամյա փորձն ու ոլորտային մասնագիտական կարողությունները կարող են էական ներդրում ունենալ կառավարման և ինստիտուցիոնալ բարեփոխումների, մարդկային կապիտալի զարգացման, փոխկապակցվածության ամրապնդման և երկարաժամկետ ներառական տնտեսական աճի ապահովման գործում։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը՝ նշելով, որ այն ենթադրում է նոր շուկաների և տրանսպորտային ուղիների հասանելիության ընդլայնում, ինչպես նաև սահմանափակ թվով ոլորտներից կառուցվածքային կախվածության նվազեցում։ Միաժամանակ ընդգծվել է, որ Հայաստանը հետևողականորեն անցում է կատարում դեպի գիտելիքահենք և տեխնոլոգիական տնտեսություն՝ խթանելով նորարարությունը, աջակցելով մրցունակ փոքր և միջին ձեռնարկություններին և ներդրումներ կատարելով մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։ Նշվել է նաև, որ այս ռազմավարական ծրագրի հաջող իրականացումը պահանջում է խաղաղ և կայուն տարածաշրջանային միջավայր, միջազգային մատակարարման շղթաների կանխատեսելիություն, տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացում, ինչպես նաև առևտրի դյուրացման և թվային փոխկապակցվածության զարգացում։
Անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական տնտեսական համագործակցությանը՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է TRIPP տարածաշրջանային փոխկապակցվածության նախագիծը՝ որպես առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հետագա ամրապնդմանն ուղղված նախաձեռնություն։ Ներկայացվել են ծրագրի հիմնական սկզբունքները, որոնք ամրագրված են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրով։
Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև Հայաստանում կառուցվող «Firebird AI» տվյալների կենտրոնին՝ ընդգծելով, որ այն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական համագործակցության կարևոր օրինակ է։ Նշվել է, որ «NVIDIA»-ի, «Dell Technologies»-ի և ամերիկյան այլ առաջատար ընկերությունների մասնակցությամբ իրականացվող ներդրումային ծրագիրը կնպաստի արհեստական բանականության և թվային ենթակառուցվածքների զարգացմանը՝ Հայաստանը դիրքավորելով որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց։
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության նոր հեռանկարները՝ անդրադառնալով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության մասին «123 համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտին, ինչպես նաև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի ստորագրմանը։
Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև Եվրոպական միության հետ Հայաստանի առևտրային ինտեգրման խորացման ուղղությամբ արձանագրված վերջին զարգացումներին։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։