
Հայաստանում ստեղծվել է նոր հանձնախումբ, որի նպատակն է զբաղվել քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով։ Հանձնախումբը համախմբել է քաղաքագետների, իրավապաշտպանների, դիվանագետների և տարբեր հանրային գործիչների, որոնք մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Ցանկացած այլախոհ ՀՀ-ում այս իշխանության կողմից ճանաչվում է որպես թշնամի, ոչ թե որպես ընդդիմություն։ Հիմա մենք պարտավոր ենք ինչ-որ ձև միավորվել և վերջ տալ այս վիճակին»,- բացման խոսքում նշել է հանձնախմբի անդամ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, գրում է Sputnik Արմենիան:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշել է, որ, իր գնահատմամբ, ներկայումս երկիրն այնպիսի իրավիճակում է, որտեղ Սահմանադրությունն ու սահմանադրական իրավունքներն այլևս չեն գործում։ Նրա խոսքով՝ այժմ երկրի վարչապետն է որոշում, թե ով լինի կաթողիկոս, ով տեղ ունենա խորհրդարանում, ով ընտրելու իրավունք ունենա և այլ հարցեր։
«Վարչապետը հայտարարում է, որ տարբեր մարդիկ պետք է ունեզրկվեն, և նրանց ունեցվածքը համարում է անօրինական։ Այսինքն՝ Հայաստանում չի գործում սեփականության անձեռնմխելիության իրավունքը։ Գործող վարչապետը հրապարակայնորեն հայտարարում է, որ այս կամ այն մարդը դավաճան է։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ նույնիսկ այդ քրեական գործում դավաճանության որևէ հոդված չկա, բայց, այնուամենայնիվ, իրավապահ համակարգը գնում է այդ մարդու հետևից»,- նշել է քաղաքագետ։
Նա շեշտել է, որ, իր կարծիքով, այս ամենը նշանակում է, որ Հայաստանում այլևս սահմանադրական կարգ չի գործում։
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր ելույթում անդրադարձել է նաև քաղաքացիական հասարակության կառույցներին՝ նշելով, որ դրանց մեծ մասը, իր դիտարկմամբ, այսօր անգործություն է ցուցաբերում, ինչն, ըստ նրա, հնարավորություն է տալիս իշխանություններին շարունակել բռնաճնշումների և հետապնդումների քաղաքականությունը, ինչպես նաև այն իրականացնել ավելի կոշտ և օրինախախտ ձևերով։
«Ինչ վերաբերում է միջազգային կառույցների լռությանը, թեպետ միջազգային իրավունքը, թվում է, կոմայի մեջ է, բայց Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, մի շարք հանձնառություններ է ստանձնել, և միջազգային կառույցների ճիշտ օգտագործումն օգնելու է ոչ միայն զսպելու այս իշխանությունների ախորժակն այս հասարակությունը դարձնելու ենթակա և ստրուկ մտածելակերպով ամորֆ զանգված, այլև օգնելու է ինչ-որ մի տեղ կանխարգելիչ դերակատարում ունենալ թե՛ երկրի ներսում, թե՛ հարևան Ադրբեջանում, որտեղ մինչ օրս հայ գերիներ են պահվում»,–ասել է Աղաջանյանը։