
Գործարար և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները որոշել են միջազգային արբիտրաժ դիմել՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքը դադարեցնելու պատճառով։ Այդ մասին հայտնել է ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը, գրում է Sputnik Արմենիան:
«Այս պահին փաստաբանների խումբն աշխատում է։ Նրանք չեն սահմանափակվելու միայն Հայաստանի դատական համակարգով՝ առավել ևս հաշվի առնելով, որ մեր իրավապահ համակարգը ծառայում է բացառապես մեկ անձի։ Եվ միջազգային տարբեր ատյաններ կուղարկվեն համապատասխան հայցեր, բողոքներ և դիմումներ»,- ասել է Վարդանյանը։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում այսօր տեղի ունեցող գործընթացները հակաիրավական բնույթ են ստացել։ Դրանց դեմ պայքարը հայաստանյան իրավական համակարգում դժվարացել է, քանի որ, ըստ Վարդանյանի, գործող իշխանությունները խեղաթյուրել են այդ համակարգը։
Վարդանյանը նշել է, որ հիշյալ բոլոր ձեռնարկություններում երկար տարիներ շարունակ ստուգումներ են անցկացվել, սակայն հենց հիմա հանկարծ ինչ-որ խախտումներ են ի հայտ եկել։ Նրա գնահատմամբ՝ սա ակնհայտ քաղաքական ենթատեքստի առկայության մասին է վկայում։
«Դիմումներ են լինելու նաև միջազգային արբիտրաժներին, որովհետև խնդիրը ոչ միայն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումն է, այլև նրա՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունը։ Եվ այս ոլորտում իրավունքների պաշտպանության համար դիմելու ենք նաև միջազգային ատյաններ»,- նշել է Վարդանյանը։
Հուլիսի 14-ին «Մուլտի տաբակ» ընկերության մոտ 150 աշխատակից բողոքի ակցիա էր կազմակերպել՝ պահանջելով վերացնել սահմանափակումները և վերականգնել գործարանի աշխատանքը։ Ավելի վաղ նույն պահանջով բողոքի ակցիաներ են անցկացրել նաև Ծառուկյանին պատկանող և ՔԿ-ի կողմից կապարակնքված մյուս ընկերությունների աշխատակիցները։
Հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն։ Հետագայում հայտնի է դարձել, որ քննչական գործողություններ են իրականացվել նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ներառված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ավելի քան 20 ընկերություն կապարակնքվել է և մինչ օրս գործունեություն չի իրականացնում։
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, այնուհետև երկու ամսով կալանավորվել է։ Գործարարին և ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել խարդախությանն օժանդակելու և փողերի լվացմանն օժանդակելու համար։ Մեկ այլ գործ ևս հարուցվել է վայրի կենդանու կամ թռչնի ապօրինի որսի դեպքի առթիվ։