15 հուլիսի 2026 - 11:52 AMT
Մովսիսյանը՝ Սպերցյանի մասին․ Նրա տեղն «Ինտերում» է

Հայաստանի ազգային հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի «Ալ-Ահլի» տեղափոխվելու որոշմանը։

Fonbet-ի յութուբյան ալիքին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե որ առաջնությունը և որ թիմը կհամապատասխանեին Սպերցյանին, Մովսիսյանն ասել է, որ տեսնում է նրան «Ինտերում, հայտնում է Armsport-ը:

«Իտալիան և, կարծում եմ, Միլանի «Ինտերը»,-ասել է նա:

Մովսիսյանն ասել է նաև, որ Սպերցյանին է համարում Հայաստանի հավաքականի գլխավոր աստղը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու նրա որոշմանը՝ Մովսիսյանն այն ճիշտ է համարել:

«Եթե նա Եվրոպայում տարբերակ ունենար, կգնար այնտեղ»,-ասել է նա:

Այն հարցին, թե իրեն չի՞ զարմացնում, որ Սպերցյանը պահանջված չէ Եվրոպայում, Մովսիսյանը պատասխանել է․ «Այստեղ հարցն այն չէ, թե մենք ինչ ենք ուզում Սպերցյանի համար։ Կարևորն այն է, թե ինչ կա իրականության մեջ»:

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկը հեռացել է «Կրասնոդարից» և պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» հետ։