
Հուլիսի 16-ին Կառավարության նիստում գործադիրը հավանություն է տալու Վաշինգտոնում 2026 թվականի հունիսի 1-ին և Երևանում 2026 թվականի հունիսի 4-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, գրում է Aysor.am-ը:
Սկսվում է Սահմանադրական դատարան դիմելու և վավերացման գործընթացի փուլը: Մինչ խորհրդարանում վավերացումը, կառավարությունը փաստաթուղթը կուղարկի ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար։
Կառավարության որոշման նախագծի մեջ ասվում է․ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին` նրան վերապահելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով կողմին վերապահված բոլոր իրավունքները»:
Նախագծի հիմնավորման մեջ նաև ընդգծվում է, որ առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված ՀՀ և ԱՄՆ միջև «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ օրենքի ընդունման արդյունքում ապահովվելու են 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու համար նախատեսված ընթացակարգերը։
Օրենքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բազմակողմ ձևով զարգացնելու առաջնահերթություններից։
«Թրամփի ուղի»-ին վերաբերող Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 4-ին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։