
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդենիկ Մելքոնյանն օրեր առաջ քաղաքացի Ա.Ս.-ին մեղավոր է ճանաչել վարչապետի նկատմամբ բռնության կոչ հնչեցնելու համար և դատապարտել 750,000 դրամ տուգանքի։ Այս մասին հայտնի է դարձել «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Մեղադրանքի համաձայն՝ 2026 թվականի մայիսի 29-ին Ա.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո իր ֆեյսբուքյան էջով կատարել է հետևյալ գրառումը. «Ողջ-ողջ մեր ծնողներիս առաջ ՎԱՌԵԼ այս տականքին, թուրքի վիժվածքին», հայտնում է Factor.am-ը:
Ա.Ս.-ին մեղադրանք ներկայացնելուց հետո նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ ընդամենը կես ամիս անց գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության համար։
Դատական քննության ընթացքում քաղաքացի Ա.Ս.-ն միջնորդել է գործը քննել արագացված կարգով։ Դա նշանակում է, որ նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։
Քաղաքացին 750,000 դրամ տուգանքը վճարելու է մաս-մաս՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում։