
«Ուժեղ Հայաստանն» իրագործում է իր նախընտրական խոստումն այնտեղ, որտեղ հաղթել է՝ բնակարան նվիրելով այն ընտանիքներին, որտեղ 5-րդ երեխան է ծնվել: Այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, դաշինքի պատգամավորության թեկնածու Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան տեսանյութում:
«Բնակարան 5-րդ բալիկին: Մեր նախընտրական խոստումն իրագործում ենք այնտեղ, որտեղ «Ուժեղ Հայաստանը» հաղթել է: Ստեփանավանի, Տաշիրի, Գյուլագարակի տարածաշրջանների ընտանիքներում ծնվող ամեն 5-րդ երեխայի դեպքում ընտանիքը նվեր է ստանում բնակարան համայնքում՝ մայրիկի անունով»,-ասել է նա:
Նա նշել է, որ այցելել են Ստեփանավան համայնք, Գյուլագարակ համայնք, Ագարակ գյուղ, Կուրթան գյուղ:
«Ընտրություններից առաջ խոսք էինք տվել ծրագիր իրականացնել՝ այն ընտանքիները, որտեղ ծնվում է 5-րդ երեխան, բնակարան պետք է նվիրենք։ Այն շրջաններում, որտեղ մարդիկ իրենց վստահությունը մեզ են տվել, մեկնարկում ենք ծրագիրը»,-ասել է նա:
Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: