16 հուլիսի 2026 - 17:53 AMT
Գյումրիում շան հաչոցի պատճառով ծեծկռտուքի գործով 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հուլիսի 12-ին Գյումրիում շան հաչոցի պատճառով ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տվյալների՝ նույն օրը ժամը 21:10-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունը ահազանգ է ստացել Գյումրիի Պարույր Սևակի փողոցում տեղի ունեցող ծեծկռտուքի վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել հինգ անձի, որոնցից ընդունվել են հաղորդումներ, հայտնում է Factor.am-ը:

Պարզվել է, որ քաղաքացիներից մեկը նշված վայրում գտնվել է իր շան հետ, երբ մեկ այլ քաղաքացի դժգոհություն է հայտնել կենդանու հաչոցի վերաբերյալ։ Բանավոր վիճաբանությունը հետագայում վերածվել է ծեծկռտուքի, որին միացել են ևս երեք անձ։

Քննչական կոմիտեից հայտնել են․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու հոդվածներով: 1 անձի վերաբերյալ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, 3-ի վերաբերյալ կիրառվել է բացակայելու արգելք»։

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը և կալանքի հարցի քննության համար դատարան ներկայացված մեղադրյալի նկատմամբ կիրառել վարչական հսկողություն։