
Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահում բացվել է իրանական գրականության անկյուն, որի շրջանակում Իրանի դեսպանությունը գրադարանին նվիրաբերել է 293 միավոր գրականություն։ Ն
ախաձեռնությունն ուղղված է Հայաստանում իրանական գրականության հասանելիության ընդլայնմանը, իրանագիտության զարգացման խթանմանը և հայ-իրանական մշակութային համագործակցության խորացմանը։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության ներկայացուցիչ Նեդա Ռաէֆիփուրը:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հիշեցրել է, որ նախորդ տարի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվում են Հայաստանի պատմության և մշակույթի մասին գրքեր:
«Այսպիսի ծրագրերը նպաստում են երկու ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանմանը, գիտելիքի տարածմանը և հայ-իրանական բարեկամական հարաբերությունների շարունակականությանը։ Հայաստանում բնակվում և կրթություն են ստանում բազմաթիվ իրանցիներ, ինչպես նաև բազմաթիվ հայեր ուսումնասիրում են իրանական մշակույթը, որոնք կարող են ուսումնառության ընթացքում օգտվել Ազգային գրադարանում առկա իրանական հարուստ գրականությունից՝ գիտական ժողովածուներից, բառարաններից, ուսումնական ձեռնարկներից և այլ հրատարակություններից։ Մենք ապրում ենք թվային դարում, սակայն թվային նյութերը երբեք չեն կարող փոխարինել այս գեղեցիկ, արվեստային ձևավորումներով գրքերին»,- ասել է նա:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի խոսքով՝ հաստատությունը բարձր է գնահատում Իրանի դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ վստահության, մշակութային երկխոսության և երկարաժամկետ գործընկերության վրա։
«Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուն այսօր համալրվեց իրանական գրականության նոր հրատարակություններով։ Մենք նույնպես պատրաստակամ ենք աջակցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային գրադարանում և արխիվում ձևավորված հայերեն գրականության հավաքածուի համալրմանը՝ այն դիտարկելով որպես մեր մշակութային համագործակցության կարևոր ուղղություններից մեկը»,- ասել է Աննա Չուլյանը։
ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նույնպես կարևորել է Հայաստանի ազգային գրադարանում Իրանական գրականության անկյան ստեղծումը՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու։
Հայաստանի ազգային գրադարանում գրանցված է 647 իրանցի ընթերցող, որոնք օգտվում են գրադարանի տեղեկատվական ծառայություններից, ընթերցասրահներից և գրքային հավաքածուներից։
Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակում 2022 թվականից ձևավորվել է «Iranian Collection» թեմատիկ հավաքածուն, որը հնարավորություն է տալիս մեկ որոնմամբ ստանալ Հայաստանի ազգային գրադարանում պահպանվող իրանական գրականության ամբողջական մատենագիտական ցանկը։ Ներկայում հավաքածուն ներառում է 907 մատենագիտական գրառում։
Իրանական գրականության անկյան բացման առիթով ներկայացվել են նաև Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրականության հավաքածուում պահպանվող իրանական գրականության բացառիկ հրատարակություններից մի քանիսը։ Դրանք ներկայացնում են XVIII–XIX դարերի իրանական և իրանագիտական գրատպության արժեքավոր նմուշները և կազմում են Հայաստանի ազգային գրադարանի հազվագյուտ ու արժեքավոր ֆոնդի անբաժանելի մասը։
Հայաստանի ազգային գրադարանում առկա է իրանական գրականության հարուստ և բազմաբովանդակ հավաքածու, որն ընդգրկում է 1780-ական թվականներից մինչև մեր օրերը հրատարակված գրքերը։ Հավաքածուում ներառված են պարսկերեն բնագրեր, հայերեն թարգմանություններ, ինչպես նաև հայերենից պարսկերեն թարգմանված հրատարակություններ՝ արտացոլելով հայ-իրանական գրական և մշակութային փոխգործակցության տարբեր փուլերը։