
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թոռները, ըստ արտաքսված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի հետաքննության, օգտվում են նախագահի և նրա անմիջական ընտանիքի համար նախատեսված պաշտոնական լիմուզիններից ու պահպանությունից։ Մինչդեռ Ադրբեջանի օրենսդրությամբ, նախագահի ընդլայնված ընտանիքի անդամները պետական ռեսուրսներից, այդ թվում՝ Պետական հատուկ պահպանության ծառայության ուղեկցությունից, օգտվելու իրավունք չունեն։
Մուխթարլին հիմնադրած Qazetci լրատվական կայքում գրել է, որ համադրել է ավտոշարասյան համարանիշերը, որը նախագահի թոռներ Ալի և Միքայիլ Աղալարովներին տեղափոխել է նրանց անձնական բիզնեսների բացման արարողությանը, Պետական հատուկ պահպանության ծառայության տրանսպորտային միջոցների համարանիշների հետ, գրում է OC-Media-ն:
17-ամյա երկվորյակներ Ալի և Միքայիլ Աղալարովները Բաքվում բացել են բուրգերների ռեստորան և մատչա սրճարան՝ իրենց հոր՝ ռուսաստանաբնակ փոփ երգիչ և ռուս միլիարդատեր Էմին Աղալարովի աջակցությամբ։
Արտերկրում բնակվող ադրբեջանցի իրավաբան Սամադ Ռահիմլին Qazetci-ին ասել է. «Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ նախագահի թոռները կամ այլ ազգականները որևէ պարագայում չեն կարող համարվել նախագահի ընտանիքի անդամներ։ Հետևաբար նրանք իրավունք չունեն օգտվել պետական գույքից կամ նախագահին վերապահված արտոնություններից»։
Qazetci-ի հետ զրուցած ոստիկանության ներկայացուցիչ Էմին Ահմադբայովը հայտարարել է. «Նախագահի ընտանիքի անդամները, այդ թվում՝ նրա թոռները, օրենքով իրավունք չունեն երթևեկել ավտոշարասյունով կամ օգտվել այն հանգամանքից, որ Ճանապարհային ոստիկանության մեքենան նախապես ազատի նրանց երթուղին»։
Ադրբեջանում ընտանիքի և պետական կառավարման միջև սահմանների հատման մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը, նախագահի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2003 թվականը, երբ առողջական վիճակի վատթարացման հետևանքով հեռացել է պաշտոնից։ Այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը նշանակվել է վարչապետ, նույն թվականին անցկացվել են նախագահական ընտրություններ, որոնցում նա ստացել է ձայների ավելի քան 75 տոկոսը։ Ընտրությունների դիտորդները պնդել են, որ ընտրական գործընթացն ուղեկցվել է կեղծիքներով։
Ներկայումս Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը, իսկ նրանց որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը, վաղ տարիքից հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Չնայած նա պետական որևէ պաշտոն չի զբաղեցնում, չափահաս դառնալուց հետո նա բազմիցս մասնակցել է պետական հանդիպումների։ Հաղորդվել է նաև, որ նա զգալի կարողություն է կուտակել։
Թեև 64-ամյա Իլհամ Ալիևը դեռևս հրապարակայնորեն չի մեկնաբանել պաշտոնից հեռանալու հնարավորությունը, լայնորեն ենթադրվում է, որ նա Հեյդար Ալիև կրտսերին նախապատրաստում է որպես իր հավանական իրավահաջորդ։