
Հակակոռուպցիոն դատարանը հաջորդ դատական նիստում կկայացնի որոշում՝ դադարեցնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը, թե ոչ։ Հուլիսի 17-ի նիստի ընթացքում դատավոր Սարգիս Պետրոսյանը նշել է, որ ներկայացված հանգամանքները լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն։
«Որոշումը կլինի հաջորդ դատական նիստին»,– ասել է նա։
Ավելի քան երկու ժամ տևած միջնորդության քննության ընթացքում պաշտպանները վկայակոչել են ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները։ Նրանք նաև նշել են, որ Արմեն Գևորգյանն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչպես նաև հանդիսանում է ԵԽԽՎ պատվիրակության անդամ և, ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն, չի կարող ենթարկվել քրեական հետապնդման։
Գևորգյանն իր հերթին հայտարարել է, որ տվյալ քրեական վարույթը, իր գնահատմամբ, իմաստազրկում է պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտը։
«Հստակ է, որ եթե նախաքննության ընթացքում պատգամավորին նոր մեղադրանք է առաջադրվում, կամ մեղադրանքի էական փոփոխություն է լինում, ապա անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը: Անձեռնմխելիության երաշխիքը չի կարող վերանալ միայն այն պատճառով, որ գործը գտնվում է դատաքննության փուլում»,– ասել է նա։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 18-ին։
Գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ «Սահմանադրական կարգի տապալում»։ 2021 թվականին Սահմանադրական դատարանը այդ հոդվածը ճանաչել է Սահմանադրությանը հակասող, ինչից հետո գործը կարճվել է։ Սակայն 2023 թվականին վարույթը կրկին սկսվել է զրոյից՝ նոր ընդունված Քրեական օրենսգրքում համապատասխան նոր հոդվածի հիման վրա նոր մեղադրանք առաջադրելու նպատակով։