17 հուլիսի 2026 - 18:02 AMT
ՔԿ-ն բացահայտել է երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն ոստիկանների կողմից օժանդակելու դեպքը

2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն, ըստ նախաքննության, տուժող Ա․Հ․-ի գտնվելու վայրը պարզելու և այն մեղադրյալ Ա․Ս․-ին ցույց տալու նպատակով, վերջինիս կողմից նախապես խոստացված 5 մլն դրամի դիմաց, շահադիտական դրդումներով և օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, խմբի կազմում օժանդակել են սպանության փորձին և սպանությանը, հայտնում է Քննչական կոմիտեն:

Նրանք դեպքին նախորդած ժամանակահատվածում պարզել են տուժողի գտնվելու վայրը, այն փոխանցել մեղադրյալին, ինչպես նաև մեղադրյալի և ինքնությունը դեռևս չպարզված անձանց հետ միասին տուժողներին հետապնդելու ընթացքում վերացրել են խոչընդոտները։ Ըստ նախաքննության՝ այդ գործողություններով նրանք օժանդակել են Ա․Ս․-ի կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով եղբայրներ Ա․Հ․-ի սպանության փորձին և Ար․Հ․-ի սպանությանը։

Նշվում է, որ Ա․Ս․-ն Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փակուղում կրակոցներ է արձակել, ապօրինաբար կյանքից զրկել Ար․Հ․-ին, փորձել սպանել նրա եղբորը՝ Ա․Հ․-ին, ապա դիմել փախուստի։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների մասնակցությամբ խուզարկություններ են իրականացվել երկու ոստիկանների բնակարաններում։

Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով և այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելու մեղադրանքով։

Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացվելու նպատակով։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։